Ամերիկյան Թեննեսիի նահանգում բացառիկ դեպք է գրանցվել. տարբեր ձվերից առաջացած երկվորյակները ծնվել են 5 շաբաթ տարբերությամբ:
Քրիսթեն եւ Յան Միլլերները երկվորյակների ծննդին սպասում էին հունիսի սկզբին, սակայն հղիության 22 շաբաթում կնոջ մոտ վաղաժամ ծննդաբերություն սկսվեց եւ նրան շտապ հիվանդանոց հասցրեցին: Թեննեսիի համալսարանի Բժշկական կենտրոնի բժիշկները կարողացան եւս երկու շաբաթով երկարաձգել հղիությունը, որպեսզի ավելի մեծ լինեին երեխայի ողջ մնալու շանսերը: Հղիության 24-րդ շաբաթում որոշում կայացվեց կեսարյան հատում անել, ինչի արդյունքում սակայն լույս աշխարհ եկավ երկվորյակներից միայն մեկը, որին Միկա կոչեցին:
Դա հնարավոր դարձավ այն բանի շնորհիվ, որ Քրիստենը տարբեր ձվերից առաջացած երկվորյակների էր կրում, որոնցից յուրաքանչյուրը սեփական ընկերքը եւ ամնիոտիկ պարկն ուներ. դա հնարավորություն տվեց խուսափել միանգամից երկու երեխայի վաղաժամ ծննդից: Կլինիկայի բժիշկները պարզաբանել են, որ նման դեպքերում սովորաբար երկրորդ երեխան ծնվում է առաջինից մի քան ժամ կամ մի քանի օր անց, սակայն Մեյդելին անունը ստացած աղջիկը լույս աշխարհ եկավ 5 ու կես ամիս անց: Բժիշկների խոսքով, դա երկու երեխայի ծննդյան արանքում ամենամեծ ընդմիջումն է, որ իրենք հիշում են իրենց պրակտիկայում:
Այժմ երկու երեխան էլ նորածինների թերապիայի բաժանմունքում են եւ բժիշկների խոսքով, նրանց վիճակը համապատասխանում է այն ժամկետին, որում ծնվել են: Չնայած աղջիկն արդեն կարողանում է ինքնուրույն շնչել: Սպասվում է, որ նրանք եւս երկու ամիս կմնան հիվանդանոցում:











