Մոտ 70 առաջատար մասնագետներ եւ բուժաշխատողներ են գործուղվել Սյունիքի մարզի եւ Լեռնային Ղարաբաղի հիվանդանոցներ` իրենց խորհրդատվություններով եւ փորձառությամբ համալրելով տեղերի բուժանձնակազմի աշխատանքը։ Բժշկական բոլոր կազմակերպություններն ապահովված են եղել անհրաժեշտ պարագաներով, դեղորայքով, արյունով եւ արյան բաղադրիչներով։ Այս մասին հայտնում է ՀՀ Առողջապահության նախարարությունը։
Նախարարի տեղակալ Գագիկ Միրիջանյանը գործուղվել է Գորիս` Սյունիքի մարզի առողջապահական հիմնարկների աշխատանքները համակարգելու, ինչպես նաեւ ՀՀ եւ ԼՂՀ առողջապահության նախարարությունների հետ մշտական կապ պահպանելով վիրավորների բուժումը ինչպես տեղում կազմակերպելու, այնպես էլ անհրաժեշտության դեպքում նեղ մասնագիտական բուժման նպատակով Երեւանի հիվանդանոցներ տեղափոխումը համակարգելու համար։
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ», «Աստղիկ», «Իզմիրլյան», «Էրեբունի», «Սլավմեդ», «Արմենիա» հանրապետական, «Արամյանց» բժշկական կենտրոններում, Ուռուցքաբանության ազգային կենտրոնում, Վնասվածքաբանության եւ օրթոպեդիայի գիտական կենտրոնում, «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրում, Միքայելյան վիրաբուժության ինստիտուտում, ինչպես նաեւ «Շտապբուժօգնությունում» ձեւավորվել են մասնագիտական կամավոր խմբեր` մեր զինվորների կողքին լինելու պատրաստակամությամբ։






