Ապրիլի 11-ից 15-ը  Շվեյցարիայից հայտնի մասնագետը Երեւանի «Արաբկիր» ԲԿ-ում   վարպետաց դասեր կանցկացնի մանկական գաստրոէնտերոլոգիայի վերաբերյալ: Ցյուրիխի մանկական համալսարանական կլինիկայի գաստրոէնտերոլոգիական բաժանմունքի ղեկավար Քրիստիան Բրեգերին լսելու են հավաքվել բժիշկներ եւ կլինիկական օրդինատորներ Հայաստանից եւ Լեռնային Ղարաբաղից: 

«Արաբկիր» ԲԿ-ի գաստրոէնտերոլոգիական բաժնի վարիչ Գայանե Ամարյանը NEWS.am Medicine-ի թղթակցին հայտնել է, որ վարպետաց դասերն անցկացվում են երկու կլինիկաների` հայկական «Արաբկիրի»  եւ շվեյցարական համալսարանական կլինիկայի միջեւ բազմամյա համագործակցության շրջանակում: Նրա խոսքով, սա պրոֆեսոր Բրեգերի արդեն երրորդ այցն է Հայաստան, եւ դրա շրջանակում ոչ միայն գիտական համաժողով է անցկացվում, այլեւ վարպետաց դաս, որը  հետաքրքիր եւ օգտակար կլինի էնդոսկոպիայի հետ այս կամ այն առնչությունն ունեցող նեղ մասնագետներին:  

Քրիստիան Բրեգերը NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում նշել է, որ էնդոսկոպիան այսօր զարգանում է Հայաստանում եւ եթե անցյալում այստեղ հնացած գործիքներ եւ սարքավորումներ էին օգտագործում, այսօր արդեն ի հայտ են եկել նորագույն գործիքներ, որոնք   էնդոսկոպիկ պրոցեդուրաներն ավելի պարզ եւ անվտանգ կդարձնեն: Պրոֆեսոր Բրեգերի նպատակներից մեկը հայ մասնագետներին նոր գործիքներ ներկայացնելն է եւ պատմել, թե ինչպես է հնարավոր առավելագույնս արդյունավետորեն օգտագործել դրանք: 

Միջոցառման ընթացքում մասնագետը նաեւ մի շարք էնդոսկոպիկ պրոցեդուրաներ կանցկացնի, որոնք կհեռարձակվեն բժիշկների եւ կլինիկական օրդինատորների համար, որպեսզի բոլոր ցանկացողները հնարավորություն ունենան հետեւել վիրահատարանում տեղի ունեցողին: 

«Այս միջոցառման ընթացքում նախատեսել ենք նաեւ քննարկել Հայաստանում մանկական գաստրոէնտերոլոգիայում էնդոսկոպիայի զարգացման քայլերը», - նշել է Գայանե Ամարյանը: