Հայաստանում գլխուղեղի կաթվածների առավել արդյունավետ բուժման` ժամանակակից դեղամիջոցների եւ գործիքների կիրառման համար անհրաժեշտ են լրացուցիչ ներդրումներ, պետական աջակցություն։ Այս մասին Առողջապահության նախարարությունում գլխուղեղի կաթվածների բուժման արդյունավետության բարձրացմանն ուղղված ծրագրի նախագիծը ներկայացնելու ժամանակ ասաց Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի նյարդավիրաբուժության եւ գլխուղեղի կաթվածների բուժման մասնագիտացված կենտրոնի ղեկավար Ռուբեն Ֆանարջյանը։

Նա նշեց, որ ինչպես աշխարհում, այնպես էլ Հայաստանում մահացության կեսից ավելին պայմանավորված է սրտանոթային հիվանդություններով։ Սրտային հիվանդություններից հետո երկրորդ տեղում գլխուղեղային կաթվածներն են։ Պրոֆեսոր Ֆանարջյանի խոսքով խնդիրն արդիական է նաեւ կաթվածների պատճառով հաշմանդամության բարձր ցուցանիշներով։

Մեր երկրում էնդովասկուլյար նյարդավիրաբուժությունը ներդրվել է 2010 թվականին։ Անցած ժամանակաընթացքում այս ծառայությունը բավական առաջընթաց է ապրել։ Դրանում մեծ ներդրում են ունեցել ինչպես ամերիկահայ, այնպես էլ` ամերիկացի գործընկերները։ Ըստ բանախոսի` հիվանդության առավել արդյունավետ բուժման` ժամանակակից դեղամիջոցների եւ գործիքների կիրառման համար անհրաժեշտ են լրացուցիչ ներդրումներ, պետական աջակցություն։

Մասնագիտական խմբի կողմից մշակված ծրագրի նախագծում շեշտադրվում են հիվանդության վաղ ախտորոշման, ժամանակին եւ արդյունավետ բուժման, հանրապետությունում կաթվածների առաջնային կենտրոններ ստեղծելու եւ այլ հարցեր, որոնց շնորհիվ զգալիորեն կնվազեն կաթվածներից մահացությունն ու հաշմանդամությունը։

Քննարկման մասնակիցներից ԵՊԲՀ-ի ռեկտոր Միքայել Նարիմանյանը, կլինիկական աշխատանքների գծով պրոռեկտոր Արմեն Մինասյանը, նյարդաբանության ամբիոնի վարիչ Հովհաննես Մանվելյանը, ՀՀ ԱՆ գլխավոր նյարդաբան Գուրգեն Հովհաննիսյանը, մյուսները հանդես եկան տարբեր առաջարկություններով։ Մասնավորապես կարեւորվեցին հիվանդության կանխարգելման, դրանում առողջության առաջնային օղակի մասնագետների կարողությունների կատարելագործման, ծրագրի ընդլայնման եւ այլ հարցեր։

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն Առաջարկեց ներկայացված փաստաթղթի հենքի վրա ստեղծել առավել ընդլայնված ծրագիր։

Նախարարը կարեւորեց այդ ուղղությամբ երկրի կարիքների ճիշտ գնահատումը, ինչպես նաեւ բազմակողմանի, այդ թվում` տնտեսագիտական վերլուծությունները, նյարդաբանների, ռեանիմատոլոգների եւ այլ մասնագետների մասնակցությունն առավել ընդլայնված ծրագրի մշակման գործում։

Հանձնարարվեց կաթվածների կանխարգելման եւ արդյունավետ բուժման համալիր ծրագիր մշակելու համար ձեւավորել աշխատանքային խումբ, որը կառաջնորդվի ժամանակակից մեթոդաբանությամբ եւ առաջատար երկրներում առկա փորձով։