Երեւանում Նոբելյան օրերը Հայաստանի երիտասարդ գիտնականների համար հրաշալի հնարավորություն են լսելու գիտության ոլորտի առաջատար մասնագետների եւ նրանց հետ նոր գաղափարներ եւ ծրագրեր քննարկելու: Հայաստանում Նոբելյան օրերի բացմանը ելույթ ունենալով` ասել է Հայաստանի փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը: 

«Հայաստանում առաջին անգամ նույն հարկի տակ է հավաքվել Նոբելյան 5 մրցանակակիր: Մեր երկրում, որը գիտական դարավոր ավանդույթներ ունի, նման միջոցառման իրականացումը բացառիկ հնարավորություն է ոչ միայն գիտության առաջատար գործիչներին լսելու, այլեւ մասնակցելու հետաքրքիր քննարկումների, ինչպես նաեւ եւս մեկ անգամ ընդգծելու գիտության կարեւորությունը եւ նոր գաղափարներ եւ ծրագրեր քննարկելու», - ասել է նա:

Այսօր` ապրիլի 12-ին Հայաստանի գիտնականները, ուսանողները եւ դպրոցականները ողջունել են Նոբելյան մրցանակակիր կենսաբաններ Աարոն Չեխանովերին (Իսրայել) եւ Ադա Յոնատին (Իսրայել), ֆիզիկոս եւ քիմիկոս Դան Շեխտմանին (Իսրայել), պաթոլոգ Ջոն Ուորրենին (Ավստրալիա) եւ քիմիկոս Էյ Իթի Նեգիսիին (Ճապոնիա): Մրցանակակիրները Երեւանում հանդես կգան կենսաքիմիայի, ֆիզիկայի եւ բժշկության վերաբերյալ բաց դասախոսություններով, ինչպես նաեւ դասախոսություններով աշխարհում գիտության գլոբալ խնդիրների վերաբերյալ:  

Երեւանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Միքայել Նարիմանյանն իր հերթին նշել է, որ Հայաստան ժամանած Նոբելյան մրցանակակիրների օգնությամբ եւ ղեկավարությամբ հնարավոր կլինի գիտական նոր ծրագրեր մշակել, որոնք  մեր երիտասարդ գիտնականների համար հնարավորություն կստեղծեն ներագրավվել մրցանակակիրների կողմից իրականացվող հետազոտություններում:  

Հիշեցնենք, որ «Նոբելյան օրեր» միջոցառման շրջանակում առաջին անգամ այս տարվա ապրիլի 12-ից 16-ին Մ. Հերացու անվան Երեւանի պետական բժշկական համալսարանը Նոբելյան  5 մրցանակակրի է հյուրընկալում:

Միջոցառման կարգախոսն է` «Ոգեշնչվիր եւ ստեղծիր»: