Զիկա վիրուսը դրանով վարակված չափահասների շրջանում ավելի մեծ թվով բարդություններ է առաջացնում, քան նախկինում կարծում էին, պնդում են բրազիլացի գիտնականները: Համապատասխան եզրահանգումները պարունակվում են զեկույցում, որը հրապարակել է Ռեսիֆի քաղաքից բժիշկ նյարդաբան Մարիա Լուսիա Բրիտուն:
Այս հետազոտության համաձայն, Զիկա վիրուսը կարող է ծանր աուտոիմունային համախտանիշի զարգացման պատճառ դառնալ, որը հայտնի է սուր ցրված էնցեֆալոմիելիտ (ՍՑԷՄ) անունով: Դա հանգեցնում է ուղեղի եւ ծայրամասային նյարդային համակարգի վնասման: Ժամանակին չբուժվելու դեպքում ՍՑԷՄ-ով հիվանդը կարող է մահանալ ուղեղի այտուցումից:
«Չնայած մեր հետազոտությունը շատ փոքր է, այն կարող է որպես ապացույց ծառայել, որ վիրուսը (Զիկա) կարող է տարբեր ազդեցություն ունենալ ուղեղի վրա` բացի այն, ինչը հայտնի էր մինչ այժմ», - կարծում է Բրիտուն:
Անցյալ տարվա նոյեմբերի վերջին Բրազիլիայի առողջապահության նախարարությունից հաստատել էին, որ հղիության շրջանում Զիկա վիրուսով վարակումը երեխայի մոտ միկրոցեֆալիա է առաջացնում: Որոշ հետազոտողներ կարծում են նաեւ, որ Զիկա տենդը կարող է հանգեցնել աուտոիմունային հազվագյուտ հիվանդության` Հիենա-Բարրեի համախտանիշի: Զիկան կապել են նույնիսկ մենինգոէնցեֆալիտի հետ:






