Զիկա վիրուսի տարածումն ու ազդեցությունն ավելի մեծ են, իսկ հետեւանքները` ավելի սարսափելի, քան ի սկզբանե ենթադրում էին, հայտնել են ԱՄՆ-ի առողջապահության համակարգի պաշտոնական ներկայացուցիչները Սպիտակ տանը ճեպազրույցի ընթացքում:
Հիվանդությունների վերահսկողության եւ կանխարգելման կենտրոնի տնօրեն Էնն Շուխատի խոսքով, պարզվել է, որ վիրուսն անհամեմատ ավելի սարսափելի է, քան ենթադրվում էր: Նա, մասնավորապես, հայտնել է, որ Զիկա վիրուսով վարակման հետեւանքները միկրոցեֆալիայով չեն սահմանափակվում:
Հետազոտությունները ցույց են տվել, որ մոծակների այն տեսակը, որը Զիկա վիրուսի փոխանցող է հանդիսանում, առկա է ամերիկյան 50 նահանգից 30-ում. դա ԱՄՆ-ի տարածքի զգալիորեն ավելի մեծ ընդգրկում է, քան ի սկզբանե ենթադրվում էր, հայտնել է Շուխատը: Կառավարության առանձնահատուկ անհանգստությունն է առաջացնում իրավիճակը Պուերտո Ռիկոյում, որտեղ վիրուսով վարակման հարյուր հազարավոր դեպքեր են արձանագրվել:
Միաժամանակ Շուխատը հայտնել է, որ Զիկա վիրուսի «լուրջ բռնկումներ չի սպասում» մայրցամաքային նահանգների տարածքում, սակայն նահանգներին խորհուրդ է տվել պատրաստ լինել դրա տարածմանը: Անդրադառնալով վիրուսի` մարդուց մարդուն փոխանցման հարցին, Շուխատը հաստատել է, որ հիվանդությունը կարող է փոխանցվել նաեւ սեռական շփումների միջոցով:
Զիկա վիրուսի բուժման փորձնական պատվաստանյութը պատրաստ կլինի սեպտեմբերին, հայտնել է ԱՄՆ-ի Ալերգիայի եւ վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտի տնօրեն Էնթոնի Ֆաուչին: Միաժամանակ, մամուլի ասուլիսի երկու մասնակիցն էլ մի քանի անգամ ընդգծել են, որ վիրուսի համալիր հետազոտությունների անցկացման համար, որոնք կհանգեցնեն ակնկալվող արդյունքների, ֆինանսավորում է անհրաժեշտ:
Ավելի վաղ նախագահ Օբամայի վարչակազմը Կոնգրեսին հարցում էր ուղարկել Զիկա վիրուսի հետազոտման ֆինանսավորման համար 1,9 մլրդ դոլար խնդրելով:






