Եթե ուզում եք ձեր երեխայի կամ թոռնիկի համար ինչ-որ բան գնել, ստերեոսկոպիկ մանրադիտակ գնեք: Դա կօգնի երեխայի մեջ գիտության նկատմամբ հետաքրքրություն ներարկել եւ կանխորոշել նրա ամբողջ հետագա կյանքը: Մեծահասակներին նման խորհուրդ է տվել Նոբելյան մրցանակակիր Դան Շեխտմանը  (Իսրայել), որը Երեւանում ելույթ է ունեցել  Հայաստանում Նոբելյան օրերի շրջանակում: 

Մանրադիտակի եւ «փոքր բաների հանդեպ» իր սիրո մասին պատմելիս` պրոֆեսորը վերհիշել է, որ երբ ինքը 7 տարեկան էր, պապիկն իրեն սքանչելի իր է նվիրել` մեծացնող ապակի: Այդ օրվանից նրա կյանքը փոխվել է, եւ նա, իր խոսքով, «սիրահարվել է փոքր իրերի աշխարհին»: Նա կարող էր մեծացնող ապակու օգնությամբ օրեր շարունակ ուսումնասիրել ամեն միջատին, ամեն թիթեռին: 

Մի քանի տարի անց, երբ Դան Շեխտմանը մոտ  10 տարեկան էր,  ուսուցիչը բնագիտության դասին մանրադիտակ է բերել: Այդ ժամանակ Շեխտմանն առաջինն է մոտեցել մանրադիտակին, նայել է դրանով եւ… չի կարողացել հեռանալ:  Ուսուցիչը նույնիսկ ստիպված է եղել նրան խնդրել, որ մի կողմ գնա եւ մյուս երեխաներին զիջի տեղը: 

Իսկ երբ ապագա պրոֆեսորը սովորել է մագիստրատուրայում, հայտնվել է առաջին լուսարձակող (տրանսմիսիոն) էլեկտրոնային մանրադիտակը, իսկ ինքը դարձել է առաջինը, ով աշխատել է այդ մանրադիտակով, բայց նաեւ աշխատել է դրա կատարելագործման վրա:   Այդպես Դան Շեխտմանը, իր խոսքով, «մանր իրերի ուսումնասիրման մասնագետ է դարձել», իսկ հետո սկսել է դասավանդել, ուսանողներին գիտություն սովորեցնել:

2010-ին «մանր իրերի» հանդեպ սերը նրան հասցրել է Նոբելյան մրցանակի: Փոքրիկ նվերը` մեծացնող ապակին, կանխորոշել է Դան Շեխտմանի ապագան, նրան գիտնական է դարձրել եւ օգնել գիտնականի համար ամենապատվաբեր մրցանակը ստանալ:  

«Եթե ուզում եք ձեր երեխայի կամ թոռան համար որեւէ գիտական բան գնել, նրա համար ստերեոսկոպիկ մանրադիտակ գնեք: Դուք ինքներդ կտեսնեք արդյունքը տարիներ անց», - ասել է գիտնականը:

Հիշեցնենք, որ Դան Շեխտմանը Երեւան է եկել Հայաստանում Նոբելյան օրերին մասնակցելու Նոբելյան այլ մրցանակակիրների` Ադա Յոնատի (Իսրայել), Աարոն Չեխանովերի (Իսրայել), Ջոն Ռոբին Ուորրենի (Ավստրալիա) եւ Էյ-Իթի-Նեգիսիի  (Ճապոնիա/ԱՄՆ) հետ:

Հիշեցնենք նաեւ, որ առաջին անգամ «Նոբելյան օրեր» միջոցառման շրջանակում ընթացիկ տարվա ապրիլի 12-ից 16-ին Մ. Հերացու անվան Երեւանի պետական  բժշկական համալսարանը Նոբելյան 5 մրցանակակրի է հյուրընկալում, որոնք բաց դասախոսություններով հանդես կգան կենսաքիմիայի, ֆիզիկայի եւ բժշկության վերաբերյալ, իսչպես նաեւ դասախոսություններով աշխարհում գիտության գլոբալ խնդիրների մասին: