Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում մարտական գործողությունների հետեւանքով ՀՀ ԱՆ Ճառագայթային բժշկության եւ այրվածքների գիտական կենտրոնում բուժում ստացող երկու տուժածի առողջական վիճակում առկա է դրական տեղաշարժ:
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի այցի ժամանակ կենտրոնի անեսթեզիոլոգիայի եւ վերակենդանացման բաժանմունքի վարիչ Հովհաննես Ասլանյանը հայտնեց, որ վիրավորների առողջական վիճակը կայուն միջին ծանրության է, նրանց սպասում է երկարատեւ բուժում: Այս մասին տեցեկացնում է ՀՀ Առողջապահության նախարարությունը։
Նախարարությունը վստահեցնում է, որ բժշկական կազմակերպություններն ապահովված են վիրավորների բուժման համար անհրաժեշտ պարագաներով, դեղերով, արյունով եւ արյան բաղադրիչներով: Անհրաժեշտության դեպքում կազմակերպում են հանրապետության առաջատար մասնագետների խորհրդատվություններ եւ բժշկական կոնսիլիումներ։






