Բուլտերյերը կարողացել է տիրուհու մոտ կրծքի քաղցկեղ ախտորոշել, ինչի շնորհիվ նա կարողացել է ժամանակին սկսել բուժումը:
Որոշ ժամանակ առաջ անգլիական Նոթինգեմ քաղաքի 37-ամյա բնակչուհի Լիզա Ջոնսոնը սկսել է իրեն վատ զգալ: Նա նաեւ նկատել է, որ Մարլի անունով իր 10-ամյա բուլտերյերը հրաժարվում է հեռանալ տիրուհուց եւ հաչում է ամեն անգամ, երբ նա վեր է կենում:
Շունն այդ տարօրինակ պահվածքը դրսեւորել է մի քանի շաբաթվա ընթացքում, մինչեւ որ երեք երեխայի մայրը բժշկական հետազոտության է գնացել: Պարզվել է, որ կինը կրծքի քաղցկեղի զոհ է դարձել, բայց շան շնորհիվ բուժումը ժամանակին է սկսվել:
«Ես գիտեմ, որ դա տարօրինակ է հնչում, բայց Մարլին իրեն իրոք շատ տարօրինակ էր պահում,-վերհիշում է Լիզան: Նա տառացիորեն հետեւում էր ինձ ամեն քայլափոխի եւ ամեն անգամ նստում էր կողքիս, հենց որ նստում էի: Նախկինում նա իրեն այդպես էր պահում միայն իմ հղիության ընթացքում, երբ փորձում էր պաշտպանել դեռեւս չծնված երեխային: Դա առաջին ծննդաբերությունից առաջ էր, հաջորդ երկու անգամը, երբ Մարլին դարձյալ ուշադիր էր դառնում, ես կարող էի հղիության թեստ չանել, որովհետեւ հասկանում էի, որ երեխայի եմ սպասում: Բայց այս անգամ հաստատ հղիություն չկար, իսկ Մարլին շարունակում էր տարօրինակ պահվածքը, եւ ես բժշկի գնացի: Երբ նա իմ կրծքի մեջ կոշտուկ հայտնաբերեց, հավատս չէր գալիս»:
Կրծքի քաղցկեղը նրա մոտ ախտորոշվել էր արդեն հունվարին, ինչից հետո բժիշկներն անմիջապես քիմիաթերապիա սկսեցին, իսկ մայիսին ուռուցքի հեռացման վիրահատություն կատարեցին: Ներկայումս Լիզան վերականգնման վիճակում է:









