Կառավարությունը պիտի ամեն կերպ աջակցի երկրում գիտության զարգացմանը. սա այն կարեւորագույն քայլերից մեկն է, որոնք անհրաժեշտ են երկիրը  «գիտական» դարձնելու եւ այնտեղ լավ գիտնականների սերունդ աճեցնելու համար: Լրագրողների հետ զրույցի ընթացքում նման կարծիք է հայտնել Նոբելյան մրցանակակիր Դան  Շեխտմանը   (Իսրայել), որը Երեւան էր եկել «Հայաստանում Նոբելյան օրերին» մասնակցելու:

Գիտնականը մի քանի խորհուրդ է տվել այն մասին, թե իր կարծիքով ինչպես է հնարավոր նպաստել Հայաստանում գիտության զարգացմանը: 

1. Պետք է վաղ սկսել մարդկանց գիտությանը ծանոթացնելը` մանկապարտեզից: Հենց այդ տարիքում է անհրաժեշտ մարդկանց գիտություն դասավանդել եւ գիտության հանդեպ սեր ներարկել: Այդ դեպքում այդ երեխաներից որոշներն ականավոր գիտնականներ կդառնան: 

2. Երբ այդ երեխաները դպրոց գնան, անհրաժեշտ է համոզվել, որ նրանք հնարավորություն ունեն անհրաժեշտ մակարդակով մաթեմատիկա, ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն եւ իհարկե անգլերեն սովորելու: 

«Եթե անգլերեն չես խոսում, չես կարողանա գիտության մեջ հաջողության հասնել: Գիտությունը միջազգային երեւույթ է, իսկ գիտության լեզուն անգլերենն է», - նշել է Դան Շեխտմանը:

3. Կառավարությունը պիտի ամեն կերպ աջակցի երկրում գիտության զարգացմանը, այդ թվում ` ֆինանսապես: Կառավարությունը պիտի բավականաչափ միջոցներ հատկացնի երկրի լավագույն համալսարաններին. այդ դեպքում Հայաստանը  «գիտական երկիր» դառնալու շանս կունենա:

4. Հայաստանի նման փոքր երկրին երեք հետազոտական ինստիտուտը լիովին բավարար է: Համարվում է, որ 1 մլն բնակչությանը մեկ հետազոտական համալսարան է անհրաժեշտ, Իսրայելում հենց այդքան կա, նշել է գիտնականը: Սակայն կարեւոր է, որ հետազոտական կենտրոններն ունենան անհրաժեշտ ամեն ինչ եւ «լավ որակ»:

5. Ինչ վերաբերում է յուրաքանչյուր առանձին գիտնականի հաջողությանը, մրցանակակիրը համարում է , որ առաջին հերթին անհրաժեշտ է անկախ մտածել եւ պատրաստ լինել հակազդեցության: 

«Այդ ամենը երկար գործընթաց է, բայց պետք է սկսել: Վաղ սկսեք, սկսեք սովորեցնել երեխաներին», - հիշեցրել է գիտնականը:

Հիշեցնենք, որ Դան Շեխտմանը Երեւան է եկել Հայաստանում Նոբելյան օրերի համար Նոբելյան այլ մրցանակակիրների` Ադա Յոնատի  (Իսրայել), Աարոն Չեխանովերի  (Իսրայել), Ջոն Ռոբին Ուորենի (Ավստրալիա) եւ Էյ-Իթի Նեգիսիի (Ճապոնիա) հետ:

Հիշեցնենք նաեւ, որ առաջին անգամ  «Նոբելյան օրեր» միջոցառման շրջանակում ընթացիկ տարվա ապրիլի 12-ից 16-ը Երեւանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանը կհյուրընկալի Նոբելյան  5 մրցանակակրի, որոնք դասախոսություններով են հանդես գալիս կենսաքիմիայի, ֆիզիկայի եւ բժշկության, ինչպես նաեւ աշխարհում գիտության գլոբալ խնդիրների վերաբերյալ:  Գիտնականների դասախոսությունները հսկայական հաջողություն ունեն հայ ուսանողների, դասախոսների եւ նույնիսկ դպրոցականների շրջանում. Շատերը մրցանակակիրներին լսում են նույնիսկ ոտքի վրա կանգնած կամ լիքը դահլիճների աստիճաններին նստած:

[gallery id=63]