Հայաստանի երիտասարդ գիտնականները պետք է ունենան տաղանդ, սիրեն գիտությունը ու ձգտեն բացահայտումների ու Նոբելյան մրցանակ ստանալուն: Այդ դեպքում նրանք կարող են ստանալ եւ այդ մրցանակը, եւ միջազգային ճանաչում: Նման տեսակետ է հայտնել Նոբելյան դափնեկիր Էյ-Իթի Մեգիսին (Ճապոնիա, ԱՄՆ), որը Երեւանում է գտնվում Հայաստանում «Նոբելյանական օրերի» շրջանակում:

Նրա կարծիքով Նոբելյան մրցանակ ստանալու համար ցանկալի է ծնողներից լավ խելք ժառանգել ու լինել խելացի երեխա, ունենալ տաղանդ, առանց տաղանդի՝ շատ ավելի բարդ է նպատակին հասնելը: Աշխատասիրություն ու համառությունը, գիտնականի խոսքով, նույնպես շատ կարեւոր են, բայց տաղանդն ու ամեն ինչ արագ ընկալելու ունակությունը այնուամենայնիվ ավելի կարեւոր են:

Ինքը՝ Էյ-Իթի Նեգիսին, իր իսկ խոսքով, երբ դպրոցում էր սովորում՝ երբեք չի հաճախել լրացուցիչ պարապմունքների, քանի որ դասաժամին հասկանում էր այն ամենը, ինչ ասում էր ուսուցիչը: Նույնիսկ դրա համար հատուկ ջանքեր չէր գործադրում, նա դասարանի լավագույն աշակերտներից մեկն էր: Իսկ երբ որոշել է ընդունվել Ճապոնիայի լավագույն համալսարաններից մեկը, հասկացել է, որ խաղերն ավարտվել են՝ հիմա պետք է սկսել լրջորեն սովորել:

Հաջողության մեկ այլ գրավական էլ լավ համալսարանն է, համարում է գիտնականը: Նույնիսկ ամենատաղանդավոր երիտասարդը պետք է լավ կրթություն ստանա լավ ուսումնական հաստատությունում ու այնտեղից առավելագույն գիտելիքներ քաղի:

«Ես միշտ ասել եմ, համալսարանն ավարտելու պահին դուք պետք է զգաք, որ դուք 10 000 ինտելեկտուալներից մեկն եք», - նշել է Էյ-Իթի Նեգիսին:

Համալսարանից հետո կարեւոր է, որ երիտասարդ գիտնականը զբաղվի գիտությունով ու անկեղծ սիրի այն, հետաքրքրվի դրանով, այլ ոչ թե փողով: Եթե նա մի օր հայտնի գիտնական դառնա, բնականաբար նաեւ փող կունենա:

Հիշեցնենք, որ Էյ-իթի Նեգիսին Երեւան էր ժամանել Հայաստանում «Նոբելյան օրերին» մասնակցելու համար՝ մյուս Նոբելյան մրցանակակիրներ Ադա Յոնաթի (Իսրայել), Ահարոն Չեխանովերի (Իսրայել), Ջոն Ռոբին Ուորենի (Ավստրալիա) ու Դան Շեխտմանի (Իսրայել) հետ:

Հիշեցնենք նաեւ, որ «Նոբելյան օրեր» միջոցառման շրջանակում ապրիլի 12-16-ը Երեւանի պետական բժշկական համալսարանում առաջին անգամ ընդունել են 5 նոբելյան մրցանակակիրների, որոնք ելույթ են ունեցել կարճ դասախոսություններով կենսաքիմիայի, ֆիզիկայի ու բժշկության թեմաներով, նաեւ աշխարհի գիտության գլոբալ խնդիրների մասին դասախոսություններ կարդացել: