Գիտության պատմության մեջ առաջին անգամ գիտնականներին հաջողվել է օրգանիզմի միաժամանակյա իմունային պատասխան առաջացնել եւ հեպատիտ С-ի վիրուսի, եւ ՄԻԱՎ-ի հանդեպ: Դա հույս է տալիս, որ պատվաստանյութ կստեղծվի մահացու վտանգ ներկայացնող միանգամից երկու հիվանդության դեմ:
Ամբողջ երկրագնդում մոտավորապես 2,3 մլն մարդ միաժամանակ ունի ՄԻԱՎ եւ հեպատիտ С: Ընդ որում, հեպատիտ C-ն ՁԻԱՀ-ի հետ չկապված մահերի գլխավոր պատճառն է այն մարդկանց մոտ, ովքեր միանգամից երկու վիրուս ունեն: Հենց այդ պատճառով էլ այդքան կարեւոր է հուսալի պատվաստանյութ ստեղծել, որը մարդուն կպաշտպանի միանգամից երկու հիվանդությունից, ինչը հնարավոր է դարձել Օքսֆորդի համալսարանի գիտնականների հայտնագործության շնորհիվ:
Բժշկության տրամադրության տակ արդեն առկա են այնպիսի դեղեր, որոնք բուժում են միաժամանակ ՄԻԱՎ-ը եւ հեպատիտ С-ն, սակայն այդ դեղամիջոցները շատերի համար ուղղակի անմատչելի են: Բացի այդ, դրանք չեն կանխարգելում վարակումը: Իսկ մարդուն միաժամանակ երկու հիվանդության դեմ պատվաստելը համաճարակի դեմ արմատական հաղթանակի շանս է տալիս: Հետազոտությունը ցույց է տվել, որ ՄԻԱՎ-ի եւ հեպատիտ С-ի դեմ պատվաստանյութը օրգանիզմում այնպիսի իմունային հակազդեցություն է առաջացնում, որը հնարավոր է չափել արյան նմուշներում երկու վիրուսի համար բնորոշ Т-բջիջները հաշվելով:
Ինտենսիվ պատվաստումը իմունային ավելի մեծ պատասխանի է հանգեցրել: Պատվաստանյութի բոլոր ներարկումները կատարվել են ներմկանային եղանակով, եւ հիվանդները լավ են տարել դրանք: Հետազոտությունը ցույց է տվել, որ առաջնային պատվաստումն արդյունավետության մակարդակով լիովին համադրելի է ՄԻԱՎ-ի եւ հեպատիտի դեմ հակագեների ներմուծմանը` մոլեկուլների, որոնք ի վիճակի են օրգանիզմում իմունային պատասխան առաջացնել:
Հետազոտության առաջին փուլում փորձարկմանը 32 առողջ կամավոր է մասնակցել, որոնց երեք խմբի են բաժանել: Առաջինում միայն հեպատիտ С-ի դեմ պատվաստանյութ են ստացել 1-ին եւ 8-րդ շաբաթվա ընթացքում: Երկրորդ խմբում միայն ՄԻԱՎ-ի դեմ են պատվաստանյութ ստացել չափաբաժնի բաշխման նույն սխեմայով, իսկ երրորդում կամավորներին համադրված պատվաստանյութ են տվել ՄԻԱՎ-ի եւ հեպատիտ С-ի դեմ:






