Գյոթեբորգում հետազոտողների խումբը մի գեն է հայտնաբերել, որը գիտնականներին կարող է օգնել բացատրելու, թե որոշ մարդիկ ինչու են ավելի ենթակա ուղեղի կաթվածի վտանգին, քան մյուսները:
Հայտնաբերված գենը FoxF2 անվանումն է ստացել: Այն առկա է բոլորի մոտ, բայց ոմանց մոտ իրեն առանձնահատուկ է պահում: Գիտնականների կարծիքով, հենց այդ տարբերությունն է բարձրացնում արյունազեղման վտանգը:
«Յուրաքանչյուրը վաղ թե ուշ ուղեղի կաթված կստանա, եթե բավականաչափ երկար ապրի: Բայց հիմա կարելի է բացատրել, թե ինչու են ոմանք ուղեղի կաթվածի զոհ դառնում ավելի վաղ, քան մյուսները», — նշել է Գյոթեբորգի համալսարանի Քիմիայի եւ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի պրոֆեսոր Պետեր Կառլսոնը:
Ավելի քան 150 հազար մարդու բժշկական եւ գենետիկական տվյալների վերլուծությունը ցույց է տվել, որ FoxF2 գենն ապահովում է ուղեղի արյունատար անոթների բացառիկ հատկանիշները, այսպես կոչված հեմատոէնցեֆալիկ պատնեշը:
Պետեր Կառլսոնի խոսքով, հայտնագործությունը մեծ առաջընթաց է դարձել ուղեղի կաթվածի հետազոտություններում. գիտնականների բացահայտումը թույլ կտա նվազեցնել ռիսկի գոտու մեջ մտնող հիվանդների արյան ճնշումը: Այդ գոտին որոշելու համար անհրաժեշտ է հետազոտության հաջորդ փուլում մանրամասնորեն արձանագրել գենային փոփոխությունները:
Բացի այդ, գենի հայտնաբերումը հնարավորություն կտա սկսել է ուղեղի անոթների ամրացման համար դեղի մշակումը:
«Ավելի հեշտ կլինի ինքն իրեն համոզել փոխելու կենսակերպը, օրինակ սկսել սպորտով զբաղվել կամ թողնել ծխելը, եթե իմանաս, որ խոսքը ոչ թե ընդհանուր բնույթի հանձնարարականների մասին է, այլ այն մասին, որ առկա է ուղեղի կաթվածի բարձր ռիսկ», — հավելել է Պետեր Կառլսոնը:






