Շրջակա աշխարհի հանդեպ հետաքրքրությունը, այդ աշխարհը ճանաչելու եւ հասկանալու ցանկությունն է մարդկանց բերում դեպի գիտություն եւ գիտնականի կարիերա: Հայ դպրոցականների հետ հանդիպմանը ելույթ ունենալով` նման կարծիք է հայտնել Ադա Յոնատը:
Հայաստանում Նոբելյան օրերի շրջանակում Երեւան եկած Նոբելյան մրցանակակիրներն այցելել են UWC Dilijan դպրոց, որտեղ հանդիպել են այդ եւ հայկական այլ դպրոցների աշակերտների հետ: Դան Շեխտմանը (Իսրայել), Ադա Յոնատը (Իսրայել), Աարոն Չեխանովերը (Իսրայել), Ջոն Ռոբին Ուորենը (Ավստրալիա) եւ Էյ-Իթի Նեգիսին (Ճապոնիա/ԱՄՆ) դպրոցականներին պատմել են, թե ճշգրիտ ինչ նվաճումների եւ հայտնագործությունների համար են իրենք Նոբելյան մրցանակ ստացել, ինչպես նաեւ պատասխանել են երեխաներին հուզող հարցերի:
Պատմելով, թե ինչն է գիտնականներին դրդում հայտնագործություններ կատարելու եւ ինչն է մարդկանց ստիպում գիտնական դառնալ, Ադա Յոնատը նշել է, որ ինքը երբեք չի ձգտել գիտնականի կարիերա անել եւ չի երազել դասախոս դառնալ, ինքն ընդամենը ուզում էր հասկանալ, թե աշխարհն ինչպես է կառուցված, եւ այդ ուղին իրեն տարել է դեպի գիտություն: Նա տարածաշրջանի փոքրաթիվ կանանցից մեկն է, որոնք Նոբելյան մրցանակի են արժանացել: Նրա խոսքով, հենց աշխարհը ճանաչելու ցանկությունն է գիտնականներին ստիպում հայտնագործություններ անել:
Լրագրողների հետ զրույցում Նեգիսին նշել է, որ իրեն դուր է եկել աշակերտների հետ հանդիպումը եւ դպրոցը, որտեղ այն կազմակերպվել էր:
«Ինձ շատ դուր եկավ հանդիպումը երիտասարդների հետ. ես նրանց մեջ երազանքներ եւ ձգտումներ եմ տեսնում եւ ուզում եմ աջակցել նրանց», -ասել է նա:
Ինչպես լրագրողների հետ զրույցում նշել է UWC Dilijan միջազգային դպրոցի տնօրենների խորհրդի նախագահ Վերոնիկա Զոնաբենդը, Նոբելյան մրցանակակիրների հետ հանդիպումը շատ կարեւոր էր դպրոցականների համար եւ կօգնի նրանց գլխում ճիշտ իդեալներ եւ ձգտումներ ստեղծել, նույնիսկ եթե նրանք չեն հասկացել այն ամենը, ինչի մասին պատմել են գիտնականները:
Հիշեցնենք, որ «Նոբելյան օրեր» միջոցառման շրջանակում առաջին անգամ ընթացիկ տարվա ապրիլի 12-ից 16-ին Երեւանի պետական բժշկական համալսարանը հյուրընկալում է Նոբելյան 5 մրցանակակրի, որոնք հանդես են եկել բաց դասախոսություններով կենսաքիմիայի, ֆիզիկայի եւ բժշկության, ինչպես նաեւ աշխարհում գիտության գլոբալ խնդիրների վերաբերյալ: Մրցանակակիրներն այդ ամենն անվճար են արել, հուսալով իրենց ներդրումն ունենալ Հայաստանի զարգացման գործում:








