Ուսուցիչներն աշխարհում ամենակարեւոր մարդիկ են, չէ որ նրանք կրթություն են տալիս մեր երեխաներին եւ նրանցից է կախված երեխաների ապագան, UWC Dilijan միջազգային դպրոցի աշակերտների հետ հանդիպմանը հայտնել է Նոբելյան մրցանակակիր Դան Շեխտմանը (Իսրայել):
«Ուսուցիչներին անհրաժեշտ է շատ խնամքով ընտրել, միայն լավագույնները պիտի դասավանդելու իրավունք ունենան: Ես հասկանում եմ, որ դա ուտոպիա է, հատկապես իմ երկրում, բայց դա հենց այն է, ինչին մենք պիտի ձգտենք. միայն լավագույնները պիտի դասավանդեն», - ասել է գիտնականը:
Նրա խոսքով, ուսուցիչն իհարկե պիտի իմանա, թե ինչպես դասավանդի, ինչպես մատուցի ուսումնական նյութը, բայց ոչ պակաս կարեւոր է, որ կարողանա երեխաների հետ ընդհանուր լեզու գտնել եւ նմանակման լավ օրինակ հանդիսանա, չէ որ շատ երեխաներ ձգտում են նմանվել ուսուցիչներին: Եթե ուսուցիչն անընդհատ բղավում է, աշակերտներն էլ նրա նման են դառնում: Իսկ եթե ուսուցիչը հանգիստ է, քաղաքավարի, եթե հասկանում է յուրաքանչյուր աշակերտի առանձնահատկությունը եւ յուրաքանչյուրին անհատական մոտեցում է դրսեւորում, նրա ղեկավարությամբ կարող է հրաշալի սերունդ մեծանալ:
Շեխտմանը նշել է, որ լավ ուսուցիչը կարողանում է ներշնչել եւ ոգեւորել երեխաներին: Եթե նա նկատում է երեխայի հետաքրքրությունը որեւէ գիտության հանդեպ, ուղղորդում է նրան, ոգեւորում, օգնում է հետաքրքրող ոլորտում մասնագետ դառնալ:
Հիշեցնենք, որ Դան Շեխտմանը Երեւան է եկել Հայաստանում Նոբելյան օրերին մասնակցելու Նոբելյան այլ մրցանակակիրների` Ադա Յոնատի (Իսրայել), Աարոն Չեխանովերի (Իսրայել), Ջոն Ռոբին Ուորենի (Ավստրալիա) եւ Էյ-Իթի Նեգիսիի (Ճապոնիա/ԱՄՆ) հետ:
Հիշեցնենք նաեւ, որ առաջին անգամ «Նոբելյան օրեր» միջոցառման շրջանակում ընթացիկ տարվա ապրիլի 12-ից 16-ին Երեւանի պետական բժշկական համալսարանը հյուրընկալում է Նոբելյան 5 մրցանակակրի, որոնք դասախոսություններով հանդես կգան կենսաքիմիայի, ֆիզիկայի եւ բժշկության, ինչպես նաեւ աշխարհում գիտության գլոբալ խնդիրների վերաբերյալ:






