Հայաստանում այսօրվա դրությամբ հեմոֆիլիայով 248 հիվանդ կա` 183 չափահաս եւ 65 երեխա: Այդ մասին լրագրողներին  պատմել են «Հայաստանում հեմոֆիլիայի ախտորոշման եւ բուժման հեռանկարներ» համաժողովի ընթացքում:  

Ինչպես լրագրողների հետ զրույցում նշել է Հայաստանի Առողջապահության նախարարության Հեմատոլոգիայի կենտրոնի ղեկավար Սմբատ Դաղբաշյանը, Հեմոֆիլիայով մարդիկ մի շարք խնդիրների են բախվում, օրինակ` հասարակությանը ինտեգրվելու: Այս եւ այլ խնդիրներ  (օրինակ` ախտորոշումը եւ բուժումը) մասնագետներն այսօր կքննարկեն համաժողովի ընթացքում:  

«Մենք կքննարկենք նաեւ եկող տարվա անելիքները, որոնք կօգնեն մեծացնել հեմոֆիլիայի կանխարգելման եւ բուժման արդյունավետությունը», - նշել է Սմբատ Դաղբաշյանը:

Մորոզովի անվան մանկական կլինիկայի հեմատոլոգիական բաժանմունքի (Մոսկվա) ղեկավար Յուրի Պետրովը, որը Երեւան է եկել համաժողովին մասնակցելու, լրագրողների հետ զրույցում նշել է, որ ապշած է հեմոֆիլիայի բուժման կազմակերպման ոլորտում Հայաստանի հաջողություններից:   Օրինակ, նրա խոսքով, Հայաստանում արյան զեղումներից վնասված անոթների լուրջ վիրահատություններ են կատարվում: Այս վիրահատությունները շատ բարդ եւ նենգ են, չէ որ հեմոֆիլիայով հիվանդների մոտ առկա է ուժեղ արյունահոսությունների վտանգ, այդ պատճառով դրանց կատարման համար մեծ փորձ եւ խիզախություն է անհրաժեշտ եւ շատ գիտելիքներ:  Այստեղ կատարվող վիրահատությունները Պետրովը Հայաստանի հաջողության վառ օրինակ է կոչել:  

«Ես ուղղակի ապշած եմ նրանից, ինչ լսում եմ այժմ. Հայաստանը շատ կարճ ժամանակահատվածում հսկայական հաջողություններ է գրանցել: Մենք ավելի երկար ենք ընթացել դեպի դա, քան Հայաստանը», - նշել է մասնագետը:

Յուրի Պետրովը հավելել է, որ հայ գործընկերներին հաճախ հանդիպում է միջազգային կոնգրեսներին, որտեղ իրենք շփվում են, փորձ են փոխանակում եւ խոսում են հեմատոլոգիայի զարգացման հեռանկարների մասին: 

Հիշեցնենք, որ 2015-ին Հայաստանը երկամյա ծրագրի շրջանակում հեմոֆիլիայով հիվանդներին բուժօգնության մակարդակի բարձրացման շրջանակում   «Նովո Նորդիսկ Հեմոֆիլիա» (NNHF) հիմնադրամից 97 000 շվեյցարական ֆրանկ է ստացել (մոտ 43.5 մլն դրամ): Ծրագրի շրջանակում բժիշկ հեմատոլոգ Հեղինե Խաչատրյանն Իտալիայում վերապատրաստում է անցել, իսկ հեմոֆիլիայի ախտորոշման լաբորատորիայի համար նոր սարքավորումներ են գնվել  (ագրեգոմետր, որը միակն է տարածաշրջանում, կոագուլոմետր եւ գրիզեր), ինչի շնորհիվ հնարավոր է պարզել հեմոֆիլիայի տեսակը  (ինչպես նաեւ Վիլլեբրանդի հիվանդություն ախտորոշել), մակարդելիության գործոնների թիվը եւ դրանց հանդեպ հակամարմինների առկայությունը: