Հայաստանում նախատեսված է բարելավել հեմոֆիլիայով մարդկանց բուժման կազմակերպումը` այդ բուժումը «մոտեցնելով» նրանց բնակության վայրին, որպեսզի ստիպված չլինեն դեղամիջոցների ստացման կամ տարբեր ոչ բարդ պրոցեդուրաների համար Երեւան հասնել: Այդ մասին լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտնել է Հայաստանի Առողջապահության նախարարության հեմատոլոգիայի կենտրոնի ղեկավար Սմբատ Դաղբաշյանը:
Հեմոֆիլիայով հիվանդների համար, նրա խոսքով, բավականին բարդ է ամեն անգամ Երեւան գալ պրոցեդուրաների, անալիզների եւ բուժման համար: Իհարկե, եթե հիվանդին բարդ վիրահատություն է անհրաժեշտ, որի համար մեծ փորձ է պետք եւ նորագույն տեխնոլոգիաների կիրառում, պետք է եւ ճիշտ կլինի գալ մայրաքաղաքի լավագույն կենտրոններից մեկը: Սակայն փոքրիկ պրոցեդուրաների եւ հետազոտությունների, ինչպես նաեւ դեղամիջոցներ ստանալու համար հիվանդները Երեւան գալու կարիք չունեն. ավելի ճիշտ կլինի նրանց բուժումը կազմակերպել իրենց բնակության վայրին մոտ կլինիկաներում: Այդ նպատակով նախատեսված է Հայաստանի մարզային կլինիկաների մասնագետների վերապատրաստում իրականացնել, որպեսզի հեմոֆիլիայով հիվանդներն անհրաժեշտության դեպքում կարողանան օգնության համար դիմել մոտակա կլինիկային:
«Այսօր այս ցանցի ստեղծումը մեզ համար ծրագրային հարց է: Այսօր հեմոֆիլիայով հիվանդներ կան ամբողջ երկրում եւ մեր նպատակը այդ բուժումը նրանց բնակության վայրին մոտեցնելն է, այնպես անել, որ նրանք ստիպված չլինեն այդքան հեռու գնալ բուժման եւ պրոցեդուրաների համար: Այդ նպատակով մենք մարզային կլինիկաների մասնագետների վերապատրաստում ենք իրականացնում, հիվանդները կկարողանան այդ կլինիկաներում բուժծառայություններ եւ մակարդելիության գործոններ ստանալ», - նշել է մասնագետը:
Սմբատ Դաղբաշյանը նաեւ հիշեցրել է, որ Հայաստանում հեմոֆիլիայի բուժումն իրականացվում է պետպատվերի շրջանակում:
Այսօրվա դրությամբ Հայաստանում հեմոֆիլիայով 248 հիվանդ կա, 183 չափահաս եւ 65 երեխա: Իսկ աշխարհում, ԱՀԿ-ի տվյալներով, մոտ 400 000 երեխա կա այդ հիվանդությամբ, որը բնութագրվում է արյունահոսությունների բարձր ռիսկով:






