Մանչեսթերի համալսարանի Քաղցկեղի հետազոտման ինստիտուտի գիտնականները նկատել են, որ քաղցկեղային բջիջներն ի վիճակի են առողջներին ստիպել, որ օգնեն իրենց բազմացմանը: Այդ նպատակով նրանք մուտացիայի ենթարկված գեն են օգտագործում, որը պատասխանատու է բջիջների կիսման համար: 

Հետազոտողներն ուսումնասիրել են ենթաստամոքսային գեղձի քաղցկեղային բջիջների միջեւ հաղորդակցական ցանցերը: Գիտնականները մոտ հազար տարբեր միացություններ են ուսումնասիրել, որոնք պատասխանատու են աճի համար, ներառյալ ֆերմենտներ, ռեցեպտորներ եւ ազդանշանային մոլեկուլներ: 

Արդյունքները ցույց են տվել, որ KRAS գենի արատավոր տարբերակը, որը սովորաբար մասնակցում է բջիջների կիսման մեխանիզմին, ազդում է ոչ միայն չարորակ, այլեւ առողջ բջիջների վրա:  KRAS-ում մուտացիան նպաստում է գենի հիպերակտիվությանը եւ, որպես հետեւանք, բջիջների անվերահսկելի աճին:   KRAS –ը մուտացիա է ապրում ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի դեպքերի 90 տոկոսում եւ քաղցկեղով հիվանդացման դեպքերի  20 տոկոսում: Միաժամանակ պարզվել է, որ գենն ազդանշաններ է ուղարկում առողջ բջիջներին, որպեսզի դրանք աճի գործոններ մշակեն, որոնք ինքը` ուռուցքը արտադրել չի կարող: 

Ուռուցքը կազմված է տարբեր տեսակի բջիջներից: Խմբերից մեկը  «փչացած» բջիջներն են, մյուսը կազմված է նորմալ բջիջներից, որոնք միացնող հյուսվածք են ձեւավորում  (ստրոմալ բջիջներ): Հենց վերջիններս էլ ներգրավվում են ազդնշանային փոխազդեցությունների խճճված ցանցի մեջ, քաղցկեղի «պատանդ» են դառնում եւ նպաստում են նրա աճին եւ մետաստազների ձեւավորմանը:  

Գիտնականների խոսքով, հետազոտություններն այն մասին, թե ինչպես է կազմված այս ցանցը, ինչպես նաեւ առանձին ազդանշանների վերծանումը կօգնեն պարզել ուռուցքի աճի եւ օրգանիզմում նրա տարածման վերահսկողության մեխանիզմները: Մուտացիա ապրած  KRAS գենի արգելափակումը կարող է նպաստել քաղցկեղի բուժման արդյունավետ մեթոդների մշակմանը:

Հետազոտության արդյունքները հրապարակվել են Cell ամսագրում: