Ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով վիրավորված հայ զինվորներն ուզում են արագ ապաքինվել եւ վերադառնալ դիրքեր՝ իրենց ընկերների մոտ: (ֆոտոռեպորտաժ): Ապրիլի 4-ին Մատաղիսում վիրավորված հայ զինծառայող Էդիկ Մարտիրոսյանը NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ զորացրմանը 2 ամիս է մնացել, բայց ինքը հույս ունի, որ նախքան այդ կհասցնի ապաքինվել եւ ծառայել հայրենիքին:

Էդիկը նաեւ պատմել է, որ իր ընկերուհին դեռ չգիտի, որ ինքը վիրավոր է. ընդամենը մի քանի ժամ առաջ է հետը խոսել հեռախոսով, բայց չի ասել, որ հոսպիտալում է. չի ուզում, որ անհանգստանա:

«Մենք միշտ պատրաստ ենք ցանկացած պահի, ցանկացած պայմաններում թշնամուն հետ շպրտել անգամ կյանքի գնով: Մեր ազգն ամեն կերպ օգնել է հայ զինվորին, դա մեզ ոգեշնչում էր: Միշտ մտածել եմ, որ պետք է պաշտպանել հայրենիքը: Հիմա էլ մտածում եմ, որ պետք է արագ լավանամ եւ վերադառնամ ընկերներիս մոտ: Ծառայակիցներիս կոչ եմ անում միշտ պատրաստ լինել, չնայած նրանք առանց այդ էլ միշտ պատրաստ են: Թող իմանան, որ չնայած ես վիրավոր եմ, բայց նրանց կողքին եմ»,- ասել է Էդիկը:

Բժիշկները դեռ բոլոր բեկորները չեն հեռացրել, որոնք խրվել են ոտքերի, ձեռքերի եւ մատների մեջ: Նա դեռ պետք է շարունակի բուժումը: Էդիկը հենակներով է շարժվում կամ ընկերների ուսերին հենված:

Բենիկ Եղիազարյանը, որը որովայնի, ոտքերի եւ ձեռքերի հատվածում բեկորային վիրավորում է ստացել ապրիլի 5-ին, նույնպես հույս ունի արագ ապաքինվել:

«Լավանամ, կմիանամ ընկերներիս, կշարունակեմ ծառայությունս»,- ասել է նա:

Էդգար Մխիթարյանը, որը վիրավորվել էր մարտի վերջին, նույնպես հույս ունի շուտ լավանալ եւ վերադառնալ դիրքեր:  Նրա ոտքի անոթներից մեկը վնասվել էր, եւ բուժումը շարունակելու համար նրան Երեւան են տեղափոխել: Հիմա նա ապաքինվում է: