Դեղի արտադրության, ներկրման եւ ողջ շրջանառության գործընթացը, այդ թվում՝ գովազդը, արտադրանքի խթանումն ու վաճառքը, կիրականացվի բարեխիղճ մրցակցության պայմաններում...
Հայաստանի դեղագործության ոլորտի մարքեթինգային գործունեության Կանոնագրքի նախագիծը հավանության արժանացավ ՀՀ առողջապահության նախարարին կից կոլեգիայի հերթական նիստում։ Այս մասին NEWS.am Medicine-ին հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից։
Նախագիծը ներկայացրեց Դեղարտադրողների եւ ներմուծողների ասոցիացիայի տնօրեն Սամվել Զախարյանը։ Նա նշեց, որ այն մշակվել է ՀՀ առողջապահության նախարարության աջակցությամբ։ Մասնավոր հատվածի եւ պետական մարմնի արդյունավետ համագործակցության արդյունքում ստեղծված փաստաթուղթն արդեն շրջանառության մեջ է դրվել, ստացվել են դրական արձագանքներ։ Բանախոսն ընդգծեց, որ Հայաստանի դեղ արտադրողների եւ ներմուծողների միության (ԴԱՆ միություն) անդամ ընկերությունները, գիտակցելով իրենց վրա դրված սոցիալական բարձր պատասխանատվությունը, զարգացած երկրների օրինակով փորձում են ինքնակառավարման սկզբունքով մաքրել ու հստակեցնել դաշտը։ Դեղի արտադրության, ներկրման եւ ողջ շրջանառության գործընթացը, այդ թվում՝ գովազդը, արտադրանքի խթանումն ու վաճառքը, կիրականացվի բարեխիղճ մրցակցության պայմաններում՝ առանց վնաս պատճառելու մրցակիցների հեղինակությանը, դիրքին եւ տնտեսական շահերին։ Նախատեսված է նաեւ վեճերի կարգավորման հանձնաժողովի ստեղծում։
Կարեւորելով փաստաթղթի արդիականությունը, Դերենիկ Դումանյանը նշեց, որ այս ոլորտում կարգավորիչ նման մեխանիզմները «Դեղերի մասին» օրենքին զուգահեռ բավականաչափ կկարգավորեն դաշտը, հնարավոր կլինի զերծ մնալ առանձին ֆիրմաների կողմից կազմակերպվող ոչ պատշաճ քարոզչությունից ու հակաքարոզչությունից։






