Զիկա վիրուսի սեռական եղանակով փոխանցման դեպքերն օրեցօր ավելանում են: Այժմ պարզվել է, որ նույնասեռականները եւս կարող են սեռական ակտի ընթացքում վարակվել այս տենդով: Ամերիկյան Հիվանդությունների վերահսկողության եւ կանխարգելման կենտրոնի մասնագետները պատմել են Զիկա վիրուսի` տղամարդուց տղամարդուն սեռական եղանակով փոխանցման առաջին դեպքի մասին: 

Ամերիկացի մասնագետները հղի կանանց խորհուրդ են տալիս անպայման պահպանակներ օգտագործել, եթե իրենց զուգընկերները ճամփորդել են այն երկրներ, որտեղ այսօր տարածված է Զիկա  վիրուսը: Իսկ կանանց մասնագետները խորհուրդ են տալիս հեռու մնալ այդ երկրներից`վարակումից խուսափելու համար, որովհետեւ վիրուսը կարող է հանգեցնել պտղի մոտ բնածին ծանր արատների:  

Չպաշտպանված անալ սեքսի դեպքում, պարզվել է, Զիկա վիրուսի փոխանցման նույնպիսի ռիսկ կա, ինչպես հեշտոցայինի: Դալլասից տղամարդը, որը ճամփորդել էր Վենեսուելայում, այնտեղ Զիկա տենդով էր վարակվել եւ նրա մոտ այդ տենդի համար սովորական ախտանիշներ էին հայտնվել` ցան եւ աչքի վարակ: Շուտով նույն ախտանիշները հայտնվել էին նրա զուգընկերոջ մոտ, որի հետ նա վերադարձից հետո սեռական հարաբերություն էր ունեցել:  Երկու տղամարդու մոտ էլ հաստատվել է Զիկա տենդը: Երկուսն էլ այժմ իրենց ավելի լավ են զգում, հայտնում են ամերիկացի բժիշկները:  

Հետաքրքիր է, որ երկուսի սերմնահեղուկում, մեզում եւ թքում գիտնականներին չի հաջողվել Զիկա վիրուսի հետքեր հայտնաբերել, չնայած հայտնի է, որ վիրուսը   «հասնում է» եւ սերմին, եւ թքին, եւ մեզին եւ այնտեղ է մնում մի քանի շաբաթ նույնիսկ հիվանդի առողջացումից եւ տենդի ախտանիշների անհետացումից հետո:  

Այսպիսով` այսօրվա դրությամբ Զիկա վիրուսի սեռական եղանակով փոխանցման առնվազն 6 հաստատված դեպք կա, որոնցից 5-ը հեշտոցային սեքսի ընթացքում տղամարդուց կնոջը փոխանցման դեպքեր են:  

Գիտնականները չեն բացառում, որ Զիկա վիրուսը կարող է փոխանցվել ոչ միայն սերմնահեղուկի, այլեւ թքի միջոցով` համբույրի ընթացքում: 

Հիշեցնենք, որ Զիկա տենդը սուր վարակիչ հիվանդություն է, որը սովորաբար փոխանցվում է մոծակների խայթոցների միջոցով: Ամենից հաճախ հիվանդությունը թեթեւ ախտանիշներ է ունենում. Ընթանում է առանց որեւէ խնդրի, սակայն հղի կանանց վարակումը դրանով ծայրաստիճան վտանգավոր է, որովհետեւ վիրուսը կարող է պտղի մոտ բնածին արատներ առաջ բերել: