Մինչեւ վերջերս Հայաստանում էնդոսկոպիկ պրոցեդուրաների ընթացքում շատ հին գործիքներ էին օգտագործվում, սակայն այսօր երկրում արդեն մատչելի են նորերը, որոնք պրոցեդուրաների մեծ անվտանգություն եւ արդյունավետություն են ապահովում, ինչը հատկապես կարեւոր է երեխաների վիրահատությունների ընթացքում: NEWS.am Medicine–ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Ցյուրիխի մանկական համալսարանական կլինիկայի գաստրոէնտերոլոգիական ծառայության ղեկավար Քրիստիան Բրեգերը (Շվեյցարիա):
Հայաստանում գաստրոէնտերոլոգիայում էնդոսկոպիայի կիրառությունն արագորեն զարգանում է, կարծում է մասնագետը: Ճիշտ է, նա չի համեմատում Հայաստանում եւ Շվեյցարիայում էնդոսկոպիայի մակարդակները. Շվեյցարիայում այլ իրավիճակ է, եւ ժամանակակից գործիքները, որոնք Հայաստանում են հայտնվել ընդամենը մի քանի ամիս առաջ, այնտեղ արդեն մի քանի տարի է` օգտագործվում են:
Ինչ վերաբերում է հայ մասնագետների գիտելիքներին, դրանք, Քրիստիան Բրեգերի կարծիքով, բավականին լավ մակարդակի են:
«Ձեր մասնագետները գիտելիքներ եւ մոտիվացիա ունեն: Անցյալում նրանք բավականին քիչ հնարավորություններ ունեին, չէ որ գիտելիքներից բացի, անհրաժեշտ է տեխնիկա եւ գործիքներ ունենալ, առանց դրա բարդ է զարգանալը: Այժմ, երբ դուք ավելի ժամանակակից գործիքներ ունեք, էնդոսկոպիան ավելի արագ կզարգանա», - ասել է մասնագետը:
«Արաբկիր» ԲԿ-ի գաստրոէնտերոլոգիական ծառայության ղեկավար Գայանե Ամարյանն իր հերթին NEWS.am Medicine-ի թղթակցին հայտնել է, որ հայ մասնագետներն այսօր աշխատում են միջազգային ընթացակարգերի համաձայն, միջազգային ստանդարտներին համապատասխան:
Էնդոսկոպիական պրոցեդուրաների անցկացման համար անհրաժեշտ գործիքները եւս աստիճանաբար թարմացվում են. վերջերս Հայաստանում նոր էնդոսկոպ է հայտնվել, իսկ մի քանի ամիս առաջ էնդոսկոպիկ ծառայություն է բացվել ինտենսիվ թերապիայի բաժանմունքում, որը լի է նորագույն գործիքներով, որոնք այսօր օգտագործվում են Ցյուրիխում:






