68-ամյա Նիլ Ռայզմանը յոթ տարի շարունակ պայքարել էր երիկամների հիվանդության դեմ, իսկ վերջին տարին ստիպված էր կանոնավոր կերպով դիալիզի պրոցեդուրա անցնել: Հասկանալով, որ ոչ մի բուժում չի օգնում, նրա բժիշկը որոշել է, որ պետք է մտածել երիկամի փոխպատվաստման մասին: Այդպես Նիլին ներառել են սպասողների ցուցակում:
Մարդիկ ստիպված են լինում միջինը երեք տարի սպասել, մինչեւ որ դիակային դոնոր է հայտնաբերվում, որի երիկամները համապատասխանում են փոխպատվաստման համար: Որոշ հիվանդներ այդպես էլ չեն ապրում, մինչեւ այդ պահը: Նման հիվանդներից մեկը չդառնալու համար, Նիլն ու իր ընտանիքը որոշել են ստանձնել նախաձեռնությունը:
Ռայզմանի դուստրն իր մեքենայի հետեւի ապակուն հայտարարություն է տեղադրել. «Երիկամ կա՞: Ինձ մեկը պետք է: Զանգեք կամ գրեք»: Զանգողների մեծամասնությունը չարաշահողներ են եղել, որոնք հույս ունեին փող վաստակել օրգանների վաճառքով, կամ էլ կատակասերներ, միայն մի քանիսն էին իրոք պատրաստ օգնել, բայց նրանց թվում չկար որեւէ մեկը, որի արյան խումբը համապատասխաներ:
Օհայոյի մի բնակչուհի, որը նախընտրեց չհայտնել անունը, երկու անգամ տեսել էր հայտարարությամբ մեքենան եւ որոշել էր արձագանքել հայտարարությանը: Նա նաեւ կապվել էր բժշկի հետ եւ անցել էր բոլոր անհրաժեշտ հետազոտությունները. պարզվել էր, որ նրա երիկամը համապատասխանում է Ռայզմանին եւ նա կարող է դոնոր դառնալ:
Փոխպատվաստման վիրահատությունը վերջերս է տեղի ունեցել Օհայոյի համալսարանի Վեկսների բժշկական կենտրոնում (Ohio State University’s Wexner Medical Center): Վիրաբույժ Ամեր Ռաջաբը նշել է, որ վիրահատությունն առանց բարդությունների է անցել, եւ այժմ հիվանդն իրեն լավ է զգում:






