Չինական Ցյանսու նահանգում մոտ 500 դպրոցական ծանր հիվանդացել է այն բանից հետո, երբ դպրոցը տեղափոխվել է նոր շենք: 

Դպրոցականներն ընդունվել են տեղական հիվանդանոցներ դերմատիտի, վերին շնչուղիների բորբոքման տարբեր ձեւերով, ոմանց մոտ նույնիսկ չարորակ հիվանդություններ են հայտնաբերվել` լիմֆոմա եւ լեյկեմիա: 

Դպրոցի վարչակազմը միջադեպի մասին հայտնել է իրավապահ մարմիններին` ճշտելով, որ դպրոցականները սկսել են բուժօգնության համար դիմել այն բանից հետո, երբ հաստատությունը նոր շենք է տեղափոխվել: Մասնագետները հետազոտել են դպրոցի տարածքը եւ անհայտ թունանյութերով հողի, գրունտային ջրերի եւ օդի աղտոտում են հայտնաբերել: Վնասակար մասնիկների պարունակության մակարդակը, պարզվել է, տասնյակ հազարավոր անգամներ գերազանցել է նորման: Քաղցկեղածինների մակարդակը, օրինակ, թույլատրելի նորման գերազանցում էր 100 000 անգամ:

Քիչ անց պարզվել է, որ շենքը կառուցվել էր այնպիսի տարածքում, որտեղ նախկինում քիմիական երեք գործարան կար: Այդ օբյեկտները մի քանի տարի առաջ քանդել էին, իսկ դրանց տեղում պատրաստվում էին այգի կառուցել: Դպրոցը կառուցել են քիմիական գործարանների կառուցման վայրից ընդամենը հարյուր մետր հեռավորության վրա: 

Չնայած դպրոցականների եւ ուսուցիչների կյանքի համար վտանգին, հաստատությունը շարունակում է գործել: Իշխանություններն առայժմ պարզում են, թե ով է թույլ տվել դպրոց կառուցել վարակված տարածքում, վախեցած ծնողները մտածում են, թե իրենց երեխաներին ինչպես զերծ պահեն թունավորումից: Տվյալ պահին նրանք ընդամենը երեխաներին արգելում են սնվել ճաշարանում եւ նրանց համար տնից ուտելիք են տանում: