Շատ գիտնականներ են երազում Նոբելյան մրցանակ ստանալու մասին: Համբավավոր մրցանակին արժանացողների մեծամասնությունը սկզբում չի հավատում, որ դա տեղի է ունեցել: Այդպես է եղել Էյ-Իթի Նեգիսիի դեպքում, որը քիմիայից Նոբելյան մրցանակ է ստացել 2010-ին, եւ Ջոն Ռոբին Ուորրենի, որը մրցանակակիր է դարձել 2005-ին:
Էյ-Իթի Նեգիսին NEWS.am Medicine-ի թղթակցին պատմել է որ ԱՄՆ-ում Նոբելյան մրցանակի արժանանալու մասին հեռախոսով են հայտնում: Մի անգամ զրույցի ընթացքում գիտնականի ընկերները հիշել են, որ վերջապես եկել է մրցանակ ստանալու իր հերթը եւ դա հավանաբար շուտով կլինի: Նեգիսին այդ խոսքերը լուրջ չի ընդունել, բայց հաջորդ օրը առավոտվա 5:00-ին հեռախոսազանգ է հնչել, եւ իրեն հայտնել են, որ ինքը 2010-ի մրցանակակիրների թվում է:
«Սկզբում ես չհավատացի: Հիշեցի, որ ընկերներս զգուշացնում էին, որ ամեն տեսակ կեղծ զանգեր են լինում եւ անհրաժեշտ է զգույշ լինել», - պատմել է գիտնականը:
Միայն երբ պաշտոնապես հայտնել են հաղթանակի մասին, գիտնականը հասկացել է, որ ինքն իրոք Նոբելյան մրցանակակիր է դարձել: Այդպես 2010-ին նա մրցանակ է ստացել այսպես կոչված «Նեգիսիի ռեակցիայի» հայտնաբերման համար:
Ջոն Ռոբին Ուորրենը NEWS.am Medicine-ի թղթակցին ասել է, որ երբ իրեն հայտնել են Նոբելյան մրցանակի արժանանալու մասին, ինքը դժվարությամբ է հավատացել դրան:
«Մի անգամ ինձ զանգեցին Սթոքհոլմից եւ ասացին մրցանակի մասին: Ես սկզբում չհավատացի », - խոստովանել է գիտնականը:
1979-ին Ուորրենը վերահայտնագործել է Helicobacter pylori մանրէն եւ պարզել, թե այն ինչ դեր է խաղում գաստրիտի եւ ստամոքսի խոցի զարգացման մեջ: 2005-ին Ուորրենն ու իր գործընկեր Բարրի Մարշալլը ֆիզիոլոգիայի եւ բժշկության ոլորտում Նոբելյան մրցանակի են արժանացել «Գաստրիտի եւ ստամոքսի ու տասներկումատնյա աղիքի խոցի առաջացման վրա Helicobacter pylori մանրէի ազդեցության ուսումնասիրման աշխատանքների համար»:
Հիշեցնենք, որ Էյ-Իթի Նեգիսին (Ճապոնիա/ԱՄՆ), Ջոն Ռոբին Ուորրենը (Ավստրալիա), Դան Շեխտմանը, Ադա Յոնատը եւ Աարոն Չեխանովերը (Իսրայել) Երեւան էին եկել` մասնակցելու Հայաստանում Նոբելյան օրերին, որոնք տեղի ունեցան 2016-ի ապրիլի 12-ից 16-ը: Գիտնականները բաց դասախոսություններով հանդես եկան կենսաքիմիայի, ֆիզիկայի եւ բժշկության, ինչպես նաեւ աշխարհում գիտության գլոբալ խնդիրների վերաբերյալ: Նրանք նաեւ հանդիպեցին հայ դպրոցականների եւ որոշ պաշտոնատար անձանց:






