Հեմոֆիլիան ժառանգական ծանր հիվանդություն է, որի դեպքում արյան մակարդելիության գործընթացի խանգարման հետեւանքով արյունազեղումներ են առաջանում հոդերում, մկաններում եւ ներքին օրգաններում` ինչպես հանպատրաստից, այնպես էլ վնասվածքների եւ վիրաբուժական միջամտության հետեւանքով: Հեմոֆիլիան բուժելն անհնար է, սակայն մակարդելիության պակասող գործոնների ներմուծումն օգնում է խուսափել արյունահոսություններից եւ դրա հետ կապված վտանգներից:
Որոշ երկրներում կա նաեւ այնպիսի հասկացություն, ինչպիսին հեմոֆիլիայի կանխարգելիչ բուժումն է, որի շրջանակում հիվանդները պարբերաբար մակարդելիութան գործոններ են ստանում` անկախ` եղել է արյունահոսություն, թե ոչ:
NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում Հայաստանի Առողջապահության նախարարությանը կից Հեմատոլոգիայի կենտրոնի ղեկավար Սմբատ Դաղբաշյանը նշել է, որ գործոնների բավարար քանակի առկայության դեպքում Հայաստանը եւս կկարողանա սկսել կանխարգելիչ բուժում իրականացնել: Նրա խոսքով, մասնագետներն արդեն աշխատում են այդ ուղղությամբ:
Այս պահի դրությամբ Հայաստանում գործոնները գնում է պետությունը, պակասող մասը մարդասիրական օգնության տեսքով տրամադրում է Հեմոֆիլիայի համաշխարհային ֆեդերացիան: Սակայն այդ դեղամիջոցները հերիքում են միայն բարդ դեպքերի խնդիրը լուծելու համար. այսինքն, առկա գործոնները պահում են արյունահոսություններով հիվանդների համար:
«Հույս ունեմ, որ մոտ ապագայում մենք բավարար քանակով գործոններ կունենանք, որպեսզի սկսենք նաեւ կանխարգելիչ բուժում իրականացնել», - նշել է Սմբատ Դաղբաշյանը:
Հիմնական բարդությունն այն է, որ գործոնները շատ թանկարժեք դեղամիջոցներ են եւ բավականին դժվար է դրանց բավարար քանակ ապահովելը: Մյուս կողմից, շատ մասնագետներ պնդում են, որ մանուկ հասակում սկսված կանխարգելիչ բուժումը զգալիորեն կբարձրացնի հեմոֆիլիայով հիվանդների կյանքի որակը եւ նրանցից շատերին կօգնի խուսափել հաշմանդամությունից, կօգնի աշխատել եւ ապրել նորմալ կյանքով, ինչը տնտեսական առումով շահավետ կլինի պետության համար:
Մորոզովի անվան մանկական կլինիկայի հեմատոլոգիական բաժանմունքի ղեկավար Յուրի Պետրովը (Մոսկվա), NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում նշել է, որ Ռուսաստանում այսօր իրականացվում է կանխարգելիչ բուժում, եւ հեմոֆիլիայի ծանր տեսակով հիվանդների 82 տոկոսը նման բուժում է ստանում:
Խոսելով կանխարգելման բարդությունների մասին, մասնագետը նշել է, որ նման բարդություններ գործնականում չկան. Ռուսաստանում նման բուժում ստանալու համար անհրաժեշտ է ընդամենը հիվանդի եւ նրա ծնողների ցանկությունը: Բարդություն (հիվանդներին մակարդելիության գործոնների բավարար քանակություն ապահովելուց բացի) կարելի է կոչել երեխաների տարիքը եւ երակային հասանելիության խնդիրը. օրինակ, եթե խոսքը նորածին երեխայի մասին է, բավականին բարդ է նրան ներերակային ներարկում անելը: Մնացած առումներով ամեն ինչ կախված է կանխարգելիչ բուժման համար օգտագործվող դեղամիջոցների մատչելիությունից:






