27-ամյա ուսանողուհի Լիզա Լեյը, որը տառապում էր 1-ին տեսակի դիաբետից, հրաժարվել է ինսուլինի ներարկումներից, որպեսզի նիհարի: Դա հանգեցրել է ինսուլինի պակասից առաջացող բարդացումից` դիաբետիկ կետօացիդոզից նրա տանջալից մահվանը:
Պատանեկան տարիքում աղջկա մոտ սննդային խանգարում էր զարգացել, եւ նա սկսել էր դիտավորյալ բաց թողնել ինսուլինի ներարկումները, որպեսզի մի քանի չափս նիհարեր: Նա իր գրեթե ամբողջ չափահաս կյանքում տառապում էր այսպես կոչված դիաբուլիմիայով (պահվածքային խանգարում, որն իրենից ներկայացնում է քաշ կորցնելու նպատակով ինսուլինի ներարկումներից գիտակցաբար հրաժարում), եւ դա նրա մահվանն է հանգեցրել:
Լիզայի ընտանիքը որոշել է ուրիշներին պատմել այս պատմությունը, կանխարգելելու նման սխալները, որովհետեւ 1-ին տեսակի դիաբետով անչափահասների մոտ շատ հաճախ սննդային խանգարումներ են զարգանում, եւ նրանք կարող են անգիտության հետեւանքով ճակատագրական սխալներ թույլ տալ:
«Լիզայի համար իդեալական սննդակարգն այն էր, երբ արյան մեջ մշտապես շաքարի բարձր մակարդակ է գրանցվում,-պատմել է մեռած աղջկա մայրը: Նա կարող էր գիրանալ եւ կտրուկ նիհարել, իսկ բնավորությունն անընդհատ փոխվում էր: Մեկ Հալկի նման չարացած էր, մեկ էլ մայրիկի աղջիկ էր դառնում: Լիզան անընդհատ կրկնում էր, թե ինսուլինի պակասը խնդիր չէ եւ ամեն ինչ լավ կլինի: Այդպես են ասում անորեքսիայի բոլոր զոհերը: Նա երբեք ինձ չէր լսում, երբ փորձում էի պատմել վտանգի մասին»:
Հետազոտությունները ցույց են տալիս, որ առաջին տեսակի դիաբետով կանայք երկու անգամ ավելի հաճախակի են բախվում անորեքսիային եւ բուլիմիային, իսկ 15-ից 40 տարեկան տարիքային խմբի կանանց օրգանիզմում մոտ 40 տոկոսով ավելի հաճախակի է ինսուլինի պակաս գրանցվում, որը բացատրվում է անհրաժեշտ ներարկումները բաց թողնելով: Ինսուլինի պակասը շատ վտանգավոր է, այն կարող է հանգեցնել օրգանների կանգի, անպտղության, կուրության եւ նույնիսկ մահվան: Ավելի վտանգավոր է դիաբետի որոշ զոհերի` իրենց համար կենսական կարեւորություն ունեցող ներարկումները բաց թողնելը մի քիչ նիհարելու համար, զգուշացնում են մասնագետները:






