Georgetown University համալսարանի գիտնականները հայտնել են, որ ՄԻԱՎ վարակակրի մոտ Ալցհեյմերի հիվանդության առաջին դեպքն է գրանցվել: Առաջ բժշկությանը հայտնի չեն եղել դեպքեր, երբ հիվանդը միաժամանակ եւ՛ ՄԻԱՎ ունենա, եւ՛ Ալցհեյմերի հիվանդություն:

Նյարդաբան Սքոթ Թերները բացատրել է, որ 71-ամյա հիվանդի մոտ Ալցհեյմերի հիվանդության առկայության փաստը վկայում է այն մասին, որ ՄԻԱՎ վարակակիրների կյանքի տեւողությունն այնքան է մեծացել, որ նրանք սկսել են հասնել այն տարիքին, երբ մարդկանց մոտ զգալիորեն բարձրանում է թուլամտության զարգացման հավանականությունը:

Բժիշկը նաեւ նշել է, որ ՄԻԱՎ վարակակիրների մոտ Ալցհեյմերի հիվանդության հետ կարելի է շփոթել ՄԻԱՎ ասոցացված նեյրոկոգնիտիվ խանգարումները: Եվ հակառակը, մարդու մոտ իրականում կարող է Ալցհեյմերի հիվանդություն զարգանալ, սակայն բժիշկները կարող են կարծել, թե դա ՄԻԱՎ վարակի նեյրոկոգնիտիվ խանգարումներն են: Գիտնականները կարծում են, որ ՄԻԱՎ վարակակիրների 30-50 տոկոսի մոտ ախտորոշվող ՄԻԱՎ ասոցացված ներյոկոգնիտիվ խանգարումներից մի քանիսը իրականում կարող է Ալցհեյմերի հիվանդություն լինել:

Որոշ հիվանդների մոտ նաեւ կարող է զարգանալ խառը թուլամտություն, որը պայմանավորված է թե մարդու իմունոդեֆիցիտի առկայությամբ, թե բետա ամիլոիդի կուտակումով: Ալցհեյմերի հիվանդության ախտանշանները ու ՄԻԱՎ ասոցացված նեյրոկոգնիտիվ խանգարումները շատ նման են, ինչն էլ հենց սխալ ախտորոշման պատճա է դառնում: Իրականում այդ վիճակները բուժելու համար տարբեր մոտեցումներ են պետք, շեշտում են գիտնականները:

Այս դեպքի մասին գիտնականները գրել են Alzheimer's & Dementia: Diagnosis, Assessment & Disease Monitoring ամսագրում: