Պարզվել է՝ ցածրահասակ մարդիկ պակաս խելացի են, քան բարձրահասակները: Համենայն դեպս, այսպես պնդում են շոտլանդացի փորձագետները: Գիտնականները գեներ են հայտնաբերել, որոնք ազդում են հասակի եւ IQ-ի վրա եւ պնդում են, որ այս երկու գործոնների միջեւ գենետիկական զգալի հարաբերակցություն կա:

Հետազոտության շրջանակներում, որին մասնակցել է միմյանց հետ կապ չունեցող մոտ 7000 մարդ, գիտնականներն առաջին անգամ ուսումնասիրել են ԴՆԹ-մարկերներն այդ տեսանկյունից: Ռիկարդո Մարիոնին Էդինբուրգի ինստիտուտի գենետիկայի եւ մոլեկուլյար բժշկության ամբիոնից ասում է, որ հայտնաբերված կապը շատ կարեւոր է:

«Մենք ստուգեցինք՝ արդյոք իսկապես ԴՆԹ-ի եւ հասակի գենետիկ նմանությունները կապված են…  Կապ գտանք հասակի եւ ինտելեկտի միջեւ: Մեր ստացած արդյունքները խոսում են այն մասին, որ բարձրահասակ մարդիկ որպես կանոն ավելի խելացի են»,- ասում է Մարիոնին:

Նրանց թվում, ովքեր կարող են այս տեսության ապացույցը լինել, Դեւիդ Քեմերոնն է, որի հասակը 1,85 մ է: Գեղեցիկ սեռի ներկայացուցիչների շրջանում հետազոտության արդյունքները հաստատում է դերասանուհի Քեյթ Բեքինսեյլը, որն Օքսֆորդում ուսումնասիրել է ֆրանսիական եւ ռուս գրականությունը եւ ազատորեն խոսում է երկու լեզվով էլ: Բարձրահասակ եւ խելացի տղամարդու օրինակ է նաեւ գլուխկոտրուկների սիրահար Սթիվեն Ֆրայը, որի հասակը 1,95 մ է:

Մարիոնին իր հետազոտությունը կատարել է Աբերդինի համալսարանի եւ Լոնդոնի համալսարանական քոլեջի գիտնականների հետ համատեղ: Նրանք իրենց եզրահանգումները հիմնել են 2006-2011 թթ. թեստավորում անցած հազարավոր մարդկանցից ստացված տվյալների վրա: IQ-ն չափել են թեստերով, որոնցում ուսումնասիրվել է արձագանքի եւ պատասխանի արագությունը, նաեւ լեզվաբանական ունակությունները:

«Վարքային գենետիկա» ամսագրում հրապարակված հոդվածում ասված է, որ հասակի եւ IQ-ի մակարդակի միջեւ կապերի մոտ 70%-ը կարելի է բացատրել գենետիկայով, իսկ մնացած 30%-ը՝ շրջակա միջավայրի ազդեցությամբ, հայտնում է Mail Online-ը: