Ժամանակակից հասարակությունում «ստեղծագործականություն» բառը սովորաբար օգտագործում են մարդկանց «ընտրախավային» խմբի նկարագրելիս, օրինակ` երաժիշտների, արվեստի մարդկանց: Նրանց սովորաբար գովում են բնածին տաղանդի եւ առանձնահատուկ մտածելակերպի համար: Բայց արդյո՞ք ստեղծագործականությունը բնածին հատկանիշ է, թե կարելի է զարգացնել այն:  

Իր նոր տեսանյութում Վանեսա Հիլլը փորձում է պատասխանել այդ հարցին: 

Համարվում է, որ ժամանակի 30 տոկոսի ընթացքում մարդու ուղեղն ուղղակի «թափառում է»: Դա կարող է մեզ շեղել մեր առջեւ դրված խնդիրներից, սակայն դա կարող է նաեւ օգնել խնդրի արտասովոր լուծում գտնել առանց որեւէ լուրջ ջանքի:  Մեր մտքերի «թափառումը» օգնում է նաեւ այլ կերպ նայել խնդիրներին եւ առաջադրանքներին, կապեր հայտնաբերել առաջին հայացքից բոլորովին չկապված բաների միջեւ եւ խնդիրների ստեղծագործական լուծումներ գտնել: 

Այսպես, եթե ցանկացած մարդու մտքերը թափառում են, ինչո՞ւ են ոմանք ուրիշներից ավելի ստեղծագործական:   

PLoS One ամսագրում հրապարակված հետազոտությունը ցույց է տվել, որ ստեղծագործական մտածողության զարգացման մեջ մեծ դեր է խաղում գենետիկան: Այն ընտանիքներում, որոնց անդամները երաժշտական կարողություններ ունեն եւ որոնք բարձր միավորներ են ստանում ստեղծագործականության թեստերի ժամանակ, հաճախ հայտնաբերվում է գլյուկոզայի մուտարոտազ գենի ավելորդ պատճեն:  Այս գենը դեր է խաղում սերոտոնինի արտադրության գործում` նյարդափոխանցիչի, որն ամրապնդում է նեյրոնային կապերը: Այս գենի ավելորդ պատճենը թույլ է տալիս ավելի շատ սերոտոնին արտադրել եւ բարելավում է ուղեղի` այն օգտագործելու կարողությունը:  

Գիտնականների խոսքով, ստեղծագործականությունը մեծ մասամբ կախված է նաեւ անհատականության տեսակից: Բաց մարդիկ, որոնք ռիսկերից չեն վախենում, հաճախ ավելի ստեղծագործաբար են մտածում: Ստեղծագործական մտածողության զարգացման գործում մեծ դեր է խաղում նաեւ մշակույթը եւ շրջապատը, որոնցում մեծացել է մարդը: 

Ստեղծագործական մտածողությունը կարելի է նաեւ զարգացնել, պնդում են մասնագետները: Այն դասարաններում, որտեղ խրախուսում են ստեղծագործական մտածողությունը եւ որտեղ հաճախ են բաց քննարկումներ տեղի ունենում, աշակերտները սովորաբար ավելի ստեղծագործական են, քան նրանք, ում նեղ շրջանակում են պահում: