Հայաստանը 2016-ի ապրիլի 11-ից պոլիոմելիտի դեմ նոր պատվաստանյութի է անցել, որը մինչեւ մայիսի 1-ը պատրաստվում են ներդնել աշխարհի 150 երկրում: Այդ մասին NEWS.am Medicine-ի թղթակցին հայտնել է Հայաստանի Առողջապահության նախարարության իմունային կանխարգելման ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը:
Նոր պատվաստանյութը հնից ինչո՞վ է տարբերվում:
Մասնագետը բացատրել է, որ նախկինում պատվաստանյութը եռարժեք էր եւ իր մեջ երեք տեսակի պոլիովիրուս էր պարունակում` 1-ին, 2-րդ եւ 3-րդ: Նոր պատվաստանյութը պարունակում է միայն 1-ին եւ 3-րդ տեսակի պոլիոմելիտի դեմ վիրուսներ: Քանի որ 2-րդ տեսակի պոլիոմելիտն աշխարհում չի ախտորոշվել 1999-ից ի վեր` ոչ հիվանդների մոտ, ոչ բնության մեջ, որոշում է կայացվել այն հեռացնել պատվաստանյութից դրա կրկնական ի հայտ գալուց խուսափելու համար:
Հարցն այն է, որ պատվաստանյութի ստեղծման ժամանակ մասնագետները ստիպված են լինում աշխատել այս վիրուսի հետ, աճեցնել այն, նրանից պատվաստանյութ ստանալ: Այդ գործընթացում վիրուսը կարող է մուտացիայի ենթարկվել, փոփոխվել, ինչը կարող է հանգեցնել 2-րդ տեսակի պոլիոմելիտի վերադարձին: Այդ պատճառով, քանի որ այժմ պոլիոմելիտի այդ տեսակն արդեն 15 տարի գոյություն չունի, ավելի ճիշտ կլինի այն հեռացնել նաեւ պատվաստանյութից:
Հիշեցնենք, որ աշխարհի 150 երկիր մինչեւ 2016-ի մայիսի 1-ը կանցնի պոլիոմելիտի դեմ նոր պատվաստանյութի` հուսալով վերջապես լիակատար հաղթանակ տոնել այդ հիվանդության նկատմամբ:
«Աշխարհում արմատախիլ են արել բնական ծաղիկը, այժմ աշխարհն ընթանում է պոլիոմելիտն արմատախիլ անելու ուղղությամբ», - նշել է Գայանե Սահակյանը:
Մասնագետները հույս ունեն, որ այս վիրուսային հիվանդության տարածումը կարող է կանգնեցվել առաջիկա տարվա ընթացքում, իսկ տասնամյակի վերջին հիվանդությունը կարող է ամբողջությամբ հաղթահարվել:






