Նոր քարտեզի համաձայն, որը հաշվարկում է Զիկա վիրուսի տարածման հավանականությունը, աշխարհում  2 մլրդ մարդու սպառնում է վտանգավոր տենդով վարակվելու վտանգը:  

Վաշինգթոնի համալսարանի եւ Օքսֆորդի համալսարանի գիտնականների հաշվետվության համաձայն, որը հրապարակվել է   ELife ամսագրում,  Ամերիկայի շրջաններում, որտեղ տարածված են Զիկա վիրուսը փոխանցող մոծակները, մոտավորապես   300 մլն մարդ է ապրում եւ ամեն տարի ավելի քան   5 մլն երեխա է ծնվում:

«Գլոբալ առումով, մենք կանխատեսում ենք, որ ավելի քան   2.17 մլրդ մարդ է ապրում այն շրջաններում, որտեղ Զիկա վիրուսի տարածման մեծ ռիսկ է առկա», -գրել են գիտնականները:

ԱՄՆ-ում, օրինակ, վիրուսի տարածման ռիսկը բարձր է հարավային շրջաններում` Տեխասից մինչեւ Ֆլորիդա: 

Իրենց քարտեզի ստեղծման համար գիտնականները միավորել են այն քարտեզները, որոնք հաշվի են առնում   Զիկա վիրուսը փոխանցող Aedes aegypti մոծակների տարածման շրջանը: Նրանք նաեւ ուսումնասիրել են տեղեկությունները այս կամ այն շրջանի բնակչության խտության եւ մոծակների տարածման համար բավարար քանակությամբ խոնավության եւ բուսականության առկայության վերաբերյալ: 

Հիշեցնենք, որ Զիկա տենդը սուր վարակիչ հիվանդություն է, որը սովորաբար փոխանցվում է մոծակների խայթոցի միջոցով: Ամենից հաճախ հիվանդությունը թեթեւ ախտանիշներ ունի եւ ընթանում է առանց որեւէ խնդրի, սակայն հղի կանանց վարակումը դրանով ծայրաստիճան վտանգավոր է, որովհետեւ վիրուսը կարող է միկրոցեֆալիա առաջ բերել եւ պտղի բնածին այլ արատներ: 

Հիշեցնենք նաեւ, որ ԱՀԿ-ի զեկույցի համաձայն,  2007-ի հունվարի 1-ից մինչեւ 2016-ի ապրիլի 13-ը, Զիկա վիրուսի տարածում է գրանցվել ընդհանուր առմամբ   64 երկրում եւ տարածքում:

Հայաստանում այդ վիրուսով վարակման դեպքեր չեն գրանցվել: Հայ մասնագետների խոսքով, Զիկա վիրուսն այս պահին  վտանգ չի ներկայացնում Հայաստանի համար, որովհետեւ այժմ այստեղ չկան մոծակներ, որոնք հիվանդության հիմնական փոխանցողներն են համարվում: