Մինչեւ 2020 թվականը աշխարհի երկրների մեծամասնությունը նախատեսել է պոլիոմելիտի դեմ կենդանի պատվաստանյութից անցնել ինակտիվացված պատվաստանյութի օգտագործմանը Պոլիոմելիտի վերացման գլոբալ նախաձեռնության շրջանակում (ՊՎԳՆ): Այդ մասին NEWS.am Medicine-ի թղթակցին պատմել է Հայաստանի Առողջապահության նախարարության իմունոկանխարգելման ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը:
Ծրագրի համաձայն, մինչեւ 2017-ի սկիզբը երկրները պիտի պատվաստումների իրենց օրացույցում ներառեն գոնե մի չափաբաժին ինակտիվացված պատվաստանյութ, իսկ կենդանի պատվաստանյութի փոխարինումն ինակտիվացված պատվաստանյութով նախատեսված է 2018-2020 թթ-երին:
Մասնագետը նշել է, որ Հայաստանը եւս աշխատում է այս ուղղությամբ: Ապրիլի 11-ին այստեղ ՊՎԳՆ-ի համատեքստում արդեն ներդրել են երկվալենտ պոլիապատվաստանյութ հին եռավալենտի փոխարեն http://med.news.am/arm/news/10193/hayastany-aprili-11-ic-poliomeliti-dem-nor-patvastanyuti-e-ancel.html. քանի որ աշխարհում 2-րդ տեսակի պոլիոմելիտի դեպքեր չեն 1999-ից ի վեր, որոշվել է այն հեռացնել պատվաստանյութից` խուսափելու դրա կրկնական ի հայտ գալուց: Այսպիսով նոր պոլիոպատվաստանյութը ներառում է 1-ին եւ 3-րդ տեսակի վիրուսներ, բայց ոչ` 2-րդ: Մինչեւ մայիսի 1-ը աշխարհի եւս 150 երկիր հին եռավալենտ պատվաստանյութերը կփոխարինեն նոր` երկվալենտ պատվաստանյութերով:
Ինչն է խանգարում հենց հիմա ինակտիվացված պատվաստանյութեր ներդնել կենդանիների փոխարեն:
Գայանե Սահակյանը նշել է, որ դրա համար նախապատրաստական լուրջ աշխատանքներ են անհրաժեշտ. միանգամից չի հաջողվի դա անել: Նախ` իներտ պատվաստանյութերն առայժմ չեն բավարարում բոլոր երկրների պահանջարկն ապահովելու համար: Երկրորդ` երկրների բյուջեներում եւ ծախսային հոդվածներում անհրաժեշտ է փոփոխություններ մտցնել, ինչի համար եւս ժամանակ է անհրաժեշտ:
Հիշեցնենք, որ պոլիոմելիտը բարձր վարակիչ հիվանդություն է, որն առաջանում է պոլիովիրուսից, որի հարուցիչը վնասում է նյարդային համակարգը եւ կարող է անդամալուծություն եւ նույնիսկ մահ առաջ բերել մի քանի ժամվա ընթացքում:
Հայաստանում պոլիոմելիտի դեպքեր չեն գրանցվում 1995-ից ի վեր: 2002-ին Հայաստանը մի շարք եվրոպական երկրների թվում պոլիոմելիտից ազատ է հայտարարվել եւ մինչ այժմ պահպանում է այդ կարգավիճակը:
Ծրագրի հաջող իրականացման դեպքում պոլիոմելիտը կարող է դառնալ երկրագնդում լիովին արմատախիլ արված երկրորդ հիվանդությունը: Հիշեցնենք, որ առաջինը բնական ծաղիկն էր, որով վարակման վերջին դեպքը տեղի է ունեցել 1980-ին:






