Չինացի գիտնականները բացառիկ փորձարկում են իրականացրել, որը ցույց է տվել, որ մկների սաղմերն ի վիճակի են զարգանալ տիեզերքում: Մկան  6000 սաղմ է եղել գիտական SJ-10 արբանյակում, որը ուղեծիր է դուրս եկել 2016-ի ապրիլի 6-ին: Փորձարկման շրջանակում գիտնականները հույս ունեին ոչ միայն տեղեկություններ ստանալ   վերարտադրողական կենսաբանության մասին, այլեւ նոր տվյալներ այրման, տիեզերական ճառագայթման եւ միկրոգրավիտացիայի գործընթացների մասին:  

Գիտնականները բարձր լուծումով շատ լուսանկարներ են ստացել, որոնցում արտացոլված են սաղմնային զարգացման գործընթացները. 96 ժամ անց որոշ սաղմեր, որոնք թռիչքի սկզբում երկու բջջից էին կազմված, հասել էին բլաստոցիստայի փուլի: 

Այժմ արբանյակը երկիր է վերադարձել: Այժմ գիտնականները նախապատրաստվում են մանրամասն ուսումնասիրել այն սաղմերը, որոնք այս ամբողջ ընթացքում գտնվում էին հատուկ պարկուճում: 

Պրոֆեսոր Դուան Էնկույը  նշում է, որ ներկայումս գիտնականների համար կարեւոր է հասկանալ, թե ինչպես է տեղի ունենում սաղմնային զարգացումը տիեզերքի պայմաններում, երբ սաղմերը  տիեզերական ճառագայթման եւ անկշռելիության ազդեցության տակ են: Նման փորձարկումները կօգնեն պարզել, թե հնարավոր է արդյոք բազմանալ եւ գոյատեւել տիեզերքում: 

Այժմ արդեն պարզ է, որ կաթնասունների էմբրիոգենեզի վաղ փուլեր հնարավոր են նույնիսկ տիեզերքում: Իհարկե առայժմ վաղ է խոսել այն մասին, որ մարդկային սաղմերը նորմալ կզարգանան տիեզերքում: Վաղ է խոսել նաեւ տիեզերական բարեհաջող ծննդաբերության մասին` մկնային կամ մարդկային: