Ինչպե՞ս նորածնի համար շիշ եւ ծծակ ընտրել: Քանի՞ շիշ եւ ծծակ կարող է պետք լինել: Երիտասարդ ծնողներից շատերին հուզող այս հարցերին NEWS.am Medicine-ի հետ զրույցում պատասխանեց մանկաբույժ Զոհրապ Խանիկյանցը:

Առաջին հերթին, մանկաբույժը նշեց, որ եթե երեխային մայրը կրծքով է կերակրում, նրա համար ոչ մի շիշ կամ ծծակ գնել պետք չէ: Բանն այն է, որ շշի ծծակի վրայի անցքը, որպես կանոն, բավական մեծ է, եւ կաթը շշից ավելի արագ է գալիս, քան կրծքից: Եթե երեխան ընտելանա դրան, կարող է հրաժարվել կրծքից:

Ինչ վերաբերում է ջրին՝ այն, ինչպես նշեց մանկաբույժը, ավելի լավ է տալ փոքր գդալով կամ կաթոցիչով, բայց ոչ շշով՝ վերը նշված պատճառներով:

«Առաջին ամսիներին երեխային կարելի է ընդհանրապես ջուր չտալ, քանի որ համարվում է, որ երեխան, որը կրծքով է կերակրվում, բավարար քանակի ջուր է ստանում»,- ասաց Զոհրաբ Խանիկյանցը եւ ավելացրեց, որ ամռանը, երբ շոգ է, երեխայի օրգանիզմը ջրազրկվում է, ուստի ամռանը կերակրելու ընդմիջումներին երեխային կարելի է եւ պետք է մի քանի գդալ ջուր տալ՝ եռացրած եւ սառեցված:

Այնուամենայնիվ, եթե երեխան արհեստական կերերով է սնվում, եւ նրան պարտադիր շշեր են պետք, ինչպե՞ս ընտրել դրանք:

Առաջին հերթին՝ նորածնի շիշը պետք է անվտանգ լինի, այսինքն՝ չջարդվող: Այն նաեւ պետք է դիմանա բարձր ջերմաստիճանի, իսկ հավաքվող բոլոր մասերը պետք է ամուր դրվեն իրար վրա, որպեսզի հեղուկն ամանից դուրս չհոսի:

Ապակի՞, թե՞ պլաստիկ

Մասնագետները մինչ օրս ընդհանուր հայտարարի չեն գալիս՝ որ նյութն է ավելի լավ՝ ապակի՞ն, թե՞ պլաստիկը: Շատերը պնդում են, որ ապակե սպասքը նախընտրելի է, քանի որ այն էկոլոգիապես ավելի մաքուր է, չի պարունակում վնասակար նյութեր եւ առողջության համար վնասակար չէ: Բացի դրանից՝ ապակե սպասքը լվանալը բավական հեշտ է, միակ թերությունն այն է, որ մանրէազերծման ժամանակ ապակե շիշը կարող է պայթել: Պլաստիկե շիշը, ի տարբերություն ապակու, ավելի ամուր է, բայց ինչպես ասում են մասնագետները՝ ավելի լավ է՝ պլաստիկե շիշ գնել հայտնի արտադրողներց՝ չկասկածելու համար դրա որակի հարցում եւ վստահ լինելու, որ դրանում վնասակար նյութերի պարունակությունը նվազագույն է: Բացի դրանից՝ պլաստիկե շիշը եւս մեկ էական թերություն ունի՝ ժամանակի ընթացքում դրա վրա միկրոճեղքեր են հայտնվում, եւ  այն խավարում է:

Շշի ձեւը

Նորածնի շշի ձեւը եւս առանձին ուշադրության է արժանի. մեր օրերում կարելի է գտնել գլանաձեւ, ներքեւից կամ վերեւից լայնացող, կոր եւ շատ այլ ձեւի շշեր: Ինչպիսի՞ն ընտրել: Այս հարցին ոչ ոք չի կարող միանշանակ պատասխանել, բայց շատ մասնագետներ խորհուրդ են տալիս լայն վերնամասով շիշ ընտրել, որպեսզի այն լվանալն ավելի հեշտ լինի:

Քանի՞ շիշ է պետք

Շատ մասնագետներ պնդում են, որ եթե երեխան ծծկեր է, բավական է ունենալ 2 պահեստային շիշ, որոնք կարող են պետք գալ քամած կաթի եւ ջրի համար (եթե ծնողները, այնուամենայնիվ, կնախընտրեն ջուրը տալ ոչ թե գդալով, այլ շշով): Եթե երեխան արհեստական կերեր է ուտում, ցանկալի է ձեռքի տակ գոնե 5 տարբեր չափի շիշ ունենալ:

Էլ ինչի՞ն ուշադրություն դարձնել

Շիշ գնելիս պետք է ուշադրություն դարձնել նաեւ միլիլիտրերի սանդղակին՝ ցանկալի է, որ այն դաջված լինի, ոչ թե ներկով նկարված, քանի որ ժամանակի ընթացքում ներկը կարող է մաքրվել: