Կենտրոնական Հարավային համալսարանի (Չինաստան) եւ Սիդնեյի համալսարանի (Ավստրալիա) գիտնականները խոզի ենթաստամոքսային գեղձեր են փոխպատվաստել 1-ին տեսակի դիաբետով տառապող հիվանդների: Դա արվել է ծրագրի շրջանակում, որն ուղղված է դոնորական օրգանների պակասի վերացմանը:
Վիրահատություններն անցկացվել են 2013-ի հուլիսից մինչեւ 2016-ի փետրվարն ընկած ժամանակահատվածում, եւ այժմ արդեն կարելի է ասել, որ դրանք հաջող են անցել: Հիվանդներից մեկի մոտ ինսուլինի օգտագործման անհրաժեշտությունը նվազել է 80,5 տոկոսով: Բարելավումներ են դիտարկվել նաեւ երկու այլ հիվանդի մոտ. Նրանց հաջողվել է ինսուլինի քանակը նվազեցնել 57 եւ 56 տոկոսով:
Այն մասին, որ կենդանիների օրգանները կարող են օգտագործվել փոխպատվաստման համար, արդեն վաղուց է խոսվում, ճիշտ է, նման փոխպատվաստումները որոշակի վտանգներ են պարունակում. պոկման ռիսկից բացի, կա նաեւ հիվանդին դոնոր կենդանու մարմնում ապրող որեւէ վատ ուսումնասիրված վիրուսով վարակելու ռիսկ: Առայժմ գիտնականները փորձում են խոզերի օրգանները փոխպատվաստել կապիկներին: Այժմ հայտնի է բաբուինի մասին, որն ավելի քան երկու տարի ապրում է խոզից վերցված դոնորական սրտով, իսկ Revivcor ընկերությունը հայտնել է կապիկներին խոզի թոքեր փոխպատվաստելու պատրաստակամության մասին:
Շատ երկրների գիտնականներ այսօր աշխատում են այնպիսի տեխնոլոգիաների զարգացման վրա, որոնք թույլ կտան խոզերի եւ ոչխարների մարմիններում աճեցնել մարդկանց փոխպատվաստելու համար անհրաժեշտ օրգաններ. այժմ նման հետազոտություններ են կատարվում Մեծ Բրիտանիայում:






