Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունն իր հետքն է թողել հայերի հոգեբանության եւ կենսակերպի վրա, պնդում է հոգեթերապեւտ, Նարեկաբուժության մասնագետ Արմեն Ներսիսյանը:

Նրա խոսքով, Ցեղասպանությունը հսկայական սթրես է ինչպես յուրաքանչյուր մարդու, այնպես էլ մի ամբողջ ժողովրդի համար: Միլիոնավոր մարդիկ Ցեղասպանության ընթացքում հայրենիք են կորցրել, ընտանիք, իրենց արմատները, ազգային հարստություններ, իրենց մշակույթը եւ շատ այլ բան: Այդ սթրեսը չէր կարող անհետ անցնել: 

Ցեղասպանություն ապրած մարդկանց եւ նրանց սերունդներին հաճախ հատուկ է մեղավորության զգացումն ու բաժանման վախը. նման մարդիկ հաճախ վախենում են որեւէ տեղ թողնել իրենց երեխաներին: Վախենում են, թե նրանց բան կպատահի: Նրանց հատուկ են նաեւ սեփական հույզերը եւ սեփական վիճակը գնահատելու կարողության հետ կապված խնդիրները: Այդ ամենը, Արմեն Ներսիսյանի խոսքով, օրգանիզմի պաշտպանական հակազդեցություններն են թեկուզեւ հեռավոր անցյալում ապրած սթրեսին: 

Մասնագետի խոսքով, ցեղասպանություն ապրած մարդկանց հատուկ է նաեւ եսակենտրոնությունը, իր վրա կենտրոնացած լինելը, ագրեսիան, վրեժի ծարավը, անլիարժեքության բարդույթը եւ ակնկալիքը, որ բարդ իրավիճակում օտարն օգնության կհասնի: Վերջին հատկանիշը դեռեւս շատ հատուկ է շատ հայերի, չնայած, թվում է, Ղարաբաղի պատերազմը որոշ չափով փոխել է նրանց հայացքը, նշել է մասնագետը: 

Արմեն Ներսիսյանի խոսքով, մարդկանց հոգեբանության եւ հոգեկանի վրա ցեղասպանության ազդեցության թեման դեռեւս քիչ է ուսումնասիրված, որովհետեւ ԽՍՀՄ-ի օրոք այն արգելված էր. դրա հետազոտմամբ հիմնականում զբաղվում էին արտասահմանում ապրող հայերը: Սակայն շատ բան մինչ օրս պարզ չէ:

Իմիջիայլոց, բացառված չէ, որ ցեղասպանությունն ազդել է ոչ միայն հայերի հոգեբանության, այլեւ ֆիզիկական առողջության վրա: Արմեն Ներսիսյանը վստահ է, որ պարբերական հիվանդության առաջացումն ուղղակիորեն կապված է Հայոց ցեղասպանության հետ: Այդ հիվանդության առաջին դեպքերը սկսել են գրանցվել Ցեղասպանությունից հետո, պարբերական հիվանդությամբ տառապող բոլոր ժողովուրդները (հրեաները, արաբները, հույները) անցյալում ջարդի են ենթարկվել: