Սմարթֆոնների երկարաժամկետ օգտագործումը կարող է շլության պատճառ դառնալ, պնդում են Հարավային Կորեայի Չոննամի պետական համալսարանին կից կլինիկական հիվանդանոցի հետազոտողները: 

Բժիշկների խոսքով, սմարթֆոնների երկարատեւ օգտագործումը հատուկ վտանգ է ներկայացնում յոթից 16 տարեկան երեխաների համար:  

Գիտնականներն ուշադրություն են դարձրել այն բանի վրա, որ վերջերս բազմաթիվ երիտասարդ հիվանդներ են սկսել կլինիկա այցելել  համագործակցային շլությամբ: Մանրամասն հետազոտության ընթացքում պարզվել է, որ նրանք բոլորը երկար ժամանակ բջջային սարքեր են օգտագործել խաղերի եւ ընթերցանության համար` օրական չորսից ութ ժամ տրամադրելով այդ զբաղմունքին:  

12 դեպքից 9-ում ախտանիշներն անհետանում էին երկու ամսվա ընթացքում այն բանից հետո, երբ հիվանդներին արգելում էին օգտագործել այդ սարքերը: Բժիշկների կարծիքով, դա թույլ է տալիս բավականին ճշգրիտ կապ հաստատել սմարթֆոնների եւ շլության  զարգացման միջեւ, հայտնում է ՏԱՍՍ-ը:     

Այդ կապակցությամբ գիտնականները ծնողներին խորհուրդ են տալիս հետեւել, որ երեխաները սմարթֆոնները կես ժամից ավելի չօգտագործեն եւ անպայման բավարար ընդմիջում տան` աչքերին թույլ տալով հանգստանալ: