Սիրային հարաբերությունների խզումը կարող է ընկալվել որպես իրական կորուստ՝ նույնիսկ եթե նախկին զուգընկերը ողջ-առողջ է և պարզապես այլ տեղ է տեղափոխվել։ Այս մասին է վկայում ավստրալական Քերթինի համալսարանի հոգեբանների հետազոտությունը, որը հրապարակվել է Particle գիտական պարբերականում։
Բաժանման ցավն ազդում է քնի, հիշողության և աշխատանքի վրա․ Particle

«Թե՛ բաժանումը, թե՛ մտերիմ մարդու մահը կորուստ են, իսկ ցանկացած կորուստ կարող է վշտի զգացում առաջացնել։ Պարտադիր չէ կորուստները համեմատել կամ դասակարգել. կարևորը մարդու անհատական ապրումներն են»,- նշել է հոգեբան, վշտի հոգեբանության հետազոտող, պրոֆեսոր Լորեն Բրինը։
Ընդ որում, ամուսնալուծությունն ու բաժանումը կյանքի այն շրջադարձային փոփոխությունների շարքում են, որոնց հարմարվելն ամենից շատ ջանք է պահանջում։
Վիշտն ազդում է ոչ միայն զգացմունքների վրա. «Այն կարող է անդրադառնալ քնի, ախորժակի, հիշողության, կենտրոնացման, հոգևոր վիճակի, ֆինանսական դրության և սոցիալական կյանքի վրա»,- ասում է Բրինը։
Սթրեսի ժամանակ արտազատվում են ադրենալինի և կորտիզոլի նման հորմոններ, որոնք տեսականորեն օգնում են արձագանքել վտանգին։ Սակայն բաժանման ընթացքում դրանք կարող են ստիպել մարդուն իրեն զգալ ինչպես ծուղակում հայտնված գազան՝ անգամ երբ նա պարզապես գիշերազգեստով նստած հեռուստացույց է դիտում։ Սուր սթրեսը խաթարում է օպերատիվ հիշողությունն ու մտավոր ճկունությունը, ինչի հետևանքով դժվարանում է տեղեկատվությունը մտքում պահելը կամ մի առաջադրանքից մյուսին անցնելը։
Միևնույն ժամանակ մարդը սգում է ոչ միայն զուգընկերոջ բացակայությունը։ «Բաժանման ժամանակ դուք սգում եք նաև համատեղ սովորույթների, կողմերից մեկին ընտրած ընկերների հնարավոր կորստի, ինչպես նաև այն ապագայի համար, որը պատկերացնում էիք այդ մարդու հետ»,- պարզաբանում է Բրինը։
Ժամանակի ընթացքում ընդհանուր հետաքրքրությունները, ընկերական շրջապատն ու ծրագրերը դառնում են մարդու ինքնընկալման մի մասը։ Երբ հարաբերություններն ավարտվում են, խաթարվում է սեփական «ես»-ի հստակ ընկալումը, ինչն էլ հանգեցնում է ավելի խորը հուզական դիսթրեսի (առողջության համար վնասակար սթրեսի)։
«Հետազոտությունները ցույց են տալիս, որ վիշտը հաղթահարելու միակ «ճիշտ» ճանապարհ գոյություն չունի։ Կորստի հետ համակերպվելը հաճախ ենթադրում է անընդհատ տատանում՝ կորստի վրա սևեռվելուց մինչև կյանքի նոր իրողությունների վրա կենտրոնանալը»,- նշում է մասնագետը։ Կա՛ մարդուն կարոտելու ժամանակ, և կա՛ առանց նրա կյանքին հարմարվելու՝ սեփական ծրագրեր կազմելու, բնակարանի նոր հարևան փնտրելու, նոր առօրյա ձևավորելու ժամանակ։ Այս երկու գործընթացներից պարբերաբար դադար վերցնելը նույնպես հարմարվողականության մի մասն է։
Գիտնականներն ընդգծում են՝ վիշտը ուղիղ գծով չի ընթանում, և ծանր օրերի արանքում կարող են լինել նաև լուսավոր օրեր։ Պարզագույն քայլերը՝ կանոնավոր սնունդը, բավարար քունը և շրջապատի աջակցությունն ընդունելը, օգնում են հոգ տանել սեփական անձի մասին կորուստը հաղթահարելու ընթացքում։ Հաջորդ անգամ, երբ սիրտը կոտրվի, արժե հիշել. գիտությունը հաստատում է, որ բաժանման ցավը կարող է ազդել աշխատանքի, նախասիրությունների, ախորժակի ու քնի վրա՝ հաշվի չնստելով այլ պարտավորությունների հետ, իսկ վերականգնվելու համար կարող է պահանջվել ավելի շատ ժամանակ, քան կցանկանայինք։
Հասանելի է
русский




