Երբ 42-ամյա ամերիկացի Ռորի Քլեյնմանը  2012-ին ստամոքսի խնդիրների պատճառով դիմել է բժշկի, նույնիսկ չի պատկերացրել, որ սքանավորումն ավելի լուրջ խնդիրներ կհայտնաբերի: Բժիշկները Քլեյնմանին ՄՌՏ են արել եւ երիկամներից մեկի վրա փոքրիկ կետ են տեսել:

Ամերիկացին -ին պատմել է, որ այդ փոքրիկ կետը, պարզվել է, ուռուցք է եղել:

Երկար ժամանակ երիկամի ուռուցքը բուժում էին երիկամի ամբողջական կամ մասնակի հեռացման ճանապարհով: Բայց միկրոալիքային աբլյացիա կոչվող նոր պրոցեդուրան վիրաբուժական միջամտություն չի պահանջում:

«Միկրոալիքային աբլյացիան տեխնիկա է, որն օգտագործվում է ուռուցքի տաքացման համար,- պատմել է Նյու Յորքի Մաունթ Սինայի հիվանդանոցի ճառագայթաբանության եւ վիրաբուժության ամբիոնի դոցենտ Ահարոն Ֆիշմանը:- Մենք ասեղը մտցնում ենք անմիջապես ուռուցքի մեջ, եւ այն ոչնչացնում ենք առանց վիրահատության եւ կտրվածքի»:

Միկրոալիքային ալեհավաքը  հենց ուռուցքի մեջ մտցնելու ժամանակ հիվանդներին տեղային անզգայացում է արվում: Միկրոալիքային աբլյացիան օգտագործվում է լյարդի, երիկամների եւ թոքերի քաղցկեղով հիվանդների բուժման համար: Մաունթ Սինայի հիվանդանոցի բժիշկներն արդեն հիվանդների 90-95%-ի դեպքում առաջընթաց են գրանցել:

Միկրոալիքային աբլյացիայից հետո Քլեյնմանին քաղցկեղից միայն հիշողություններ են մնացել: Մի քանի օր հետո նա արդեն գնացել է աշխատանքի: