Մեծ Բրիտանիայի Առողջապահության ազգային ծառայությունը (NHS) հիվանդներին խորհուրդներ ու ցուցումներ է տվել երիատսարդ բժիշկների առաջիկա գործադուլի կապակցությամբ:
Ըստ փաստաթղթի, բողոքի ակցիայի ժամանակ ավագ բժիշկները օգնելու են այն հիվանդներին, որոնց վիճակը ծանր կամ կյանքի համար վտանգավոր կորակվի: Այս բնորոշումը տարածվում է մասնվորապես վերջույթների կոտրվածքների, գլխի ծանր վնասվածքների, գիտակցության կորուստի, այրվածքների ու ծանր ալերգիկ ռեակցիաների վրա:
Հղի կանայք, որոնց ծննդաբերելու ժամանակը մոտ է, պետք է հիվանդանոցի հետ նախապես համաձայնեցնեն իրենց գործողությունների ծրագիրը երկունքի ցավերը սկսվելու դեպքում:
Նրանք,ովքեր գործադուլի օրերին ինչ- որ բուժակարգեր ունեն ծրագրված, պետք է նախապես փորձեն հետաձգել դրանք: Մնացած դեպքերում պետք է դիմել բժիշկ թերապեւտներին, բայց հաշվի առնելով, որ նրանք այդ օրերին շատ զբաղված են լինելու:
Հիվանդանոցներում երիտասարդ բժիշկներին փոխարինելու են ավագ բժիշկները:
Հիշեցնենք, որ երիտասարդ բժիշկների՝ Մեծ Բրիտանիայի պատմության մեջ առաջին ընդհանուր գործադուլը սկսվում է ապրիլի 26-ին ու տեւելու է երկու օր: Դրա պատճառով հետաձգվելու են գրեթե 113 հազար բուժզննումներ ու 12.8 հազար ծրագրված վիրահատություններ:
Գործադուլին մասնակցելու են այն բժիշկները, որոնց ստաժը չի գերազանցում տասը տարին եւ որոնք Բրիտանական բժշկական ասոցիացիայի անդամ են՝ ընդհանուր առմամբ 37 հազար մարդ: Բողոքի ակցիային առաջին անգամ մասնակցելու են վերակենդանացման բաժնի, «շտապ օգնության» ու հիվանդանոցների ծննդաբերական բաժանմունքների աշխատակիցները:
Գործադուլը հայտարարվել է այն բանից հետո, երբ կոնսերվատորների կառավարությունը խոստացել է հանգստյան օրերին հիվանդանոցներում հիվանդների համար ավելի մեծ քանակության բժշկական ծառայությունների մատուցում ապահովել: Բժիշկները մտավախություն ունեն, որ այս նորամուծությունը բացասաբար է անդրադառնալու իրենց աշխատավարձերի վրա ու չի երաշխավորելու, որ իրենք կվարձատրվեն արտաժամյա աշխատանքի համար:
Անցած շաբաթ բժիշկները բաց նամակով դիմել էին Առողջապահության նախարար Ջերեմի Հանթին՝ կոչ անելով չեղարկել բժիշկների համար այս ոչ ձեռնտու նոր պայմանագրերի ներդրման որոշումը՝ իրենց հերթին խոստանալով հրաժարվել ընդհանուր գործադուլ կազմակերպելու մտադրությունից:
Նախարարն էլ իր հերթին հասկացրել է, որ դժվար թե հրաժարվի իր որոշումից:






