Հայաստանը մեծ հաջողությունների է հասել վարակիչ հիվանդությունների կանխարգելման եւ վերահսկողության ոլորտում: Հայ լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք է հայտնել ԱՀԿ-ի Եվրոպական տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Ժուժաննա Յակաբը:
«Հայաստանն արդեն երկար տարիներ ազատ է մալարիայից եւ այժմ հաճույքով հայտնում եմ, որ ամբողջ եվրոպական տարածաշրջանն է ազատվել մալարիայից: Մեր տարածաշրջանն ազատ է նաեւ պոլիոմելիտից», - նշել է նա:
Նրա խոսքով, Հայաստանում իմունոկանխարգելման ծրագիրը հրաշալի աշխատում է եւ կարելի է այն նմանակման լավ օրինակ համարել եվրոպական տարածաշրջանի այլ երկրների համար: Ժուժաննա Յակաբի խոսքով, արժե նշել նաեւ Հայաստանի հաջողությունները ՄԻԱՎ վարակի եւ տուբելկուլոզի վերահսկողության եւ կանխարգելման ոլորտում:
Ճիշտ է, խրոնիկական ոչ վարակիչ հիվանդությունները, ԱՀԿ-ի ներկայացուցչի կարծիքով, դեռեւս լուրջ խնդիր են մնում ինչպես Հայաստանում, այնպես էլ աշխարհում, այդ պատճառով այժմ անհրաժեշտ է սկսել ակտիվորեն աշխատել դրանց կանխարգելման ուղղությամբ: Ոչ վարակիչ հիվանդությունների արդյունավետ վերահսկողության եւ այդ ուղղությամբ լավ ծրագրերի մշակման համար միջգերատեսչական մոտեցում է անհրաժեշտ, նշել է Ժուժաննա Յակաբը:
Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն իր հերթին նշել է, որ Հայաստանի օրինակը նշանակալի է նրանով, որ այստեղ հաջողվում է լավ արդյունքների հասնել սահմանափակ ռեսուրսներով:
Ինչ վերաբերում է ՄԻԱՎ վարակի դեմ պայքարին, 2001-ից ի վեր Հայաստանում չի գրանցվել դոնորական արյան միջոցով դրա փոխանցման դեպք, իսկ 2007-ից չեն եղել մորից երեխային փոխանցման դեպքեր: Ինչ վերաբերում է տուբերկուլոզին, դրանից մահացությունը վերջերս նվազել է 3 անգամ, իսկ մահացությունը` 2 անգամ:






