Սակրամենտոյում` ամերիկյան Քալիֆորնիայի նահանգի մայրաքաղաքում,   12 մարդ մահացել է ցավազրկող դեղահաբերի մեծ չափաբաժնից: Մարտի վերջին կեղծ ցավազրկող միջոցով թունավորման ընդհանուր թվով 52 դեպք է գրանցվել, այդ միջոցը քողարկված է եղել ժողովրդականություն վայելող Norco դեղի անվան տակ: Հաբերը հզոր օպիոիդ անզգայացնող ֆենտանիլ էին պարունակում, հայտնում է  ABC News-ը:

Կեղծ դեղամիջոցը հայտնաբերվել է նաեւ Սան Ֆրանցիսկոյի ծոցի շրջանում:   «Ծոցի շրջանում գտնվող կլինիկայում յոթ հիվանդի են բուժել, որոնք վերջին մի քանի շաբաթվա ընթացքում   Norco հաբեր էին ընդունում` կարծելով, որ ցավազրկող են խմում», — ասված է հաղորդագրության մեջ: 

Հիվանդությունների վերահսկողության եւ կանխարգելման դաշնային կենտրոնի զեկույցի համաձայն, հիվանդանոցի բոլոր հիվանդները այդ հաբերի ընդունումից հետո ողջ են մնացել, չնայած սրտխառնոցին, փսխոցին եւ դժվարացած շնչառությանը: 

«Իրավապահ մարմինների աշխատակիցները, որոնք տվյալ դեղերի տարածման աղբյուրի հետաքննություն են իրականացնում, պատրաստվում են կապ հայտնաբերել Սակրամենտոյում եւ Սան Ֆրանցիսկոյի ծոցի շրջանում թունավորումների միջեւ», — հայտնել է Թմրանյութի դեմ պայքարի դաշնային վարչության գործակալ Քեյսի Ռետտինգը: Նա նշել է, որ երկու տեղում թունավորումը տեղի է ունեցել մոտավորապես միաժամանակ եւ հաբերը իրար նման ապրանքանշում ունեն: 

Նրա խոսքով, ֆենտանիլի չարաշահումը ԱՄՆ-ում կարեւորագույն խնդիր է համարվում: Օրինակ, Արեւելյան ափին թմրանյութ վաճառողներն այդ նյութը ներառում են հերոինի կազմում` թմրանյութի խնայողության նպատակով եւ վաճառում են: Ֆենտանիլը Չինաստանում է արտադրվում, ուղարկվում է Մեքսիկա, իսկ այնտեղից սահմանով ԱՄՆ է հասնում: 

2011-ից ի վեր ԱՄՆ-ի Ծովային հետեւակի կորպուսի զինվորները, որոնք թեժ կետերում ծանր վնասվածքներ են ստացել, մորֆինի ավանդական ներմկանային ներարկման փոխարեն, սկսել են ֆենտանիլ պարունակող սառնաշաքար օգտագործել: 

Ֆենտանիլը սինթետիկ թմրանյութ է, որը բժշկության մեջ որպես ցավազրկող է օգտագործվում: Նրա դեղային ձեւը նյութին թույլ է տալիս ավելի արագ հասնել հիվանդի արյանը, իսկ բժշկին հնարավորություն է տալիս վերահսկել թմրանյութի այն չափաբաժինը, որը հիվանդը ստացել է: