Հայաստանում ռազմական պայմաններում բուժօգնության կառավարման եւ կազմակերպման նոր մոդել է ստեղծվել, որը նման չէ ՆԱՏՕ-ում, Ռուսաստանում կամ այլ երկրներում կիրառվող մոդելներին: Այդ մասին լրագրողներին պատմել է Հայաստանի Պաշտպանության նախարարության ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Կամավոր Խաչատրյանը:
Նրա խոսքով, Լեռնային Ղարաբաղում շփման գծի վրա քառօրյա պատերազմը հայկական ռազմաբժշկական ծառայությանը հնարավորություն տվեց փորձել եւ գնահատել իր ուժերը, հասկանալ թերությունները եւ սկսել աշխատել այդ ուղղությամբ: Արդյունքում օգնության նոր մոդել է հայտնվել, որը նման չէ ուրիշներին, զուտ հայկական է:
«Մերը փոքր երկիր է եւ մենք մեր առանձնահատկություններն ունենք, այդ պատճառով անհրաժեշտ է վիրավորների բուժօգնությունը կազմակերպել` ելնելով մեր աշխարհագրական դիրքից, մեր հնարավորություններից եւ այլ առանձնահատկություններից», - ասել է Պաշտպանության նախարարության ռազմաբժշկական վարչության պետը:
Նոր մոդելի օգնությամբ, Կամավոր Խաչատրյանի խոսքով, հնարավոր կլինի վիրավոր զինվորների ողջ մնալու մեր ցուցանիշներով գերազանցել շատ երկրների ցուցանիշները:
Նրա խոսքով, քառօրյա պատերազմի ընթացքում ռազմաբժշկական ծառայությունը շատ լավ ցուցանիշներ է ունեցել. հետեւելով «ոսկե ժամի» կանոններին, բժիշկները վիրավորներին հիվանդանոցներ էին հասցնում եւ օգնություն էին տրամադրում մեկ ժամվա ընթացքում, ինչի շնորհիվ կարողացան շատ կյանքեր փրկել:
Ավելին, ռազմաճակատի գծից ընդամենը 10 կմ հեռավորության վրա նրանք բարդագույն վիրահատություններ էին կատարում վիրավորների զարկերակների եւ նույնիսկ սրտի վրա: Օրինակ, դեպք է եղել, երբ վնասվել էր զինվորի ոտքի զարկերակը: Մեկ ուրիշ իրավիճակում ոտքը ստիպված կլինեին անդամահատել կյանքը փրկելու համար, սակայն ռազմաճակատի գծից ոչ հեռու հայ բժիշկները պլաստիկ վիրահատություն կատարեցին եւ փոխարինեցին վնասված զարկերակը ուրիշ տեղից վերցված անոթով: Մեկ այլ զինվորի քներակի վիրահատություն է կատարվել, ինչի շնորհիվ հաջողվել է փրկել նրա կյանքը:






