Առողջապահական պետական տեսչությունն իրականացնելու է պետական հիգիենիկ եւ համաճարակային տեսչության եւ ՀՀ աշխատանքի պետական տեսչության գործառույթները։ Այս մասին մարտի 3-ին տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց Առողջապահական պետական տեսչության պետ Արտակ Սահակյանը։

Առողջապահական պետական տեսչությունը ստեղծվել է Առողջապահության Նախարարության աշխատակազմի կառուցվածքում՝ 2013 թվականի հուլիսի 21-ին։ Ըստ Սահակյանի՝ նոր տեսչության հիմնական գործառույթներն են.

1. Ապահովել բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության վերահսկողությունը;

2. Վերահսկողություն իրականացնել մի շարք ոլորտներում, որոնց թվում են բժշկական օգնության եւ սպասարկման որակը, դեղերի եւ դեղագործության բնագավառը, բժշկական գովազդը, առողջապահության բնագավառում տրված լիցենզիաների պահանջների եւ պայմանների պահպանումը;

3. Պետական հսկողություն իրականացնել ՀՀ աշխատանքային օրենսդրության կիրառման եւ աշխատողների աշխատանքային իրավունքների եւ ազատությունների պահպանման նկատմամբ;

4. Վերահսկողություն իրականացնել աշխատանքի առողջ եւ անվտանգ պայմանների նկատմամբ։

Ինչպես նշեց Սահակյանը, Առողջապահական պետական տեսչությունը ունի նաեւ կառավարման խորհուրդ, որի կազմում են առողջապահության նախարարը, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարը, արդարադատության նախարարի տեղակալը, էկոնոմիկայի նախարարության տեսչական բարեփոխումների խմբի ղեկավարը եւ հասարակական երկու կազմակերպությունների ղեկավարներ։

«Կառավարման խորհրդին կից նաեւ գործում է բողոքարկման հանձնաժողով, որին քաղաքացիները կարող են ներկայացնել իրենց դիտողություններն ու առաջարկությունները՝ տեսչությունում կատարվող գործերի, ստուգումների վերաբերյալ», - նշեց Սահակյանը։

 Առողջապահական պետական տեսչության պետը նաեւ նշեց, որ այս ընթացքում տեսչությունը 68 վարչական վարույթ է ստացել, որոնցից 11 կարճվել են, 6-ի դեպքում տույժեր են նշանակվել, իսկ 33-ը դեռ ընթացքի մեջ են։