Նեոնատոլոգիան, որն ուսումնասիրում է նորածին երեխաներին, բժշկության ամենաբարդ ուղղություններից մեկն է, որն իր բարդությամբ զիջում է թերեւս միայն մանկական ուռուցքաբանությանը: Հայաստանում երիտասարդները նեոնատոլոգ դառնալու ցանկություն ունե՞ն: Կադրերի պակասի խնդիր մեր երկրում չկա՞:

Նեոնատալ բժշկության հայկական ասոցիացիայի ղեկավար, Երեւանի գլխավոր նեոնատոլոգ, Հայաստանի գլխավոր մանկական ռեանիմատոլոգ Հրանտ Քալենթերյանը NEWS.am Medicine–ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ այս ոլորտում կադրերի լուրջ պակաս թերեւս չկա. երիտասարդները գուցե ոչ այնքան մեծ ոգեւորությամբ որքան բժշկության մյուս ուղղությունները, բայցեւաայնպես ընտրում են այս ոլորտը:

«Երիտասարդները այս ոլորտ հաճույքով չեն գալիս: Ես ինքն էլ կարելի է ասել պատահաբար եմ հայտնվել այս ոլորտում, - խոստովանեց Հրանտ Քալենթերյանը: - Բայց առաջին հաջողություններից հետո այս ոլորտը սկսում է ձգել, ու երիտասարդները արդեն բավականությամբ մնում են ու հետաքրքրությամբ լուծում իրենց առջեւ ծառացող խնդիրները»:

Անդրադառնալով Հայաստանում նեոնատոլոգիայի ոլորտի խնդիրներին՝ Հրանտ Քալենթերյանը նշեց, որ նեոնատոլոգիան բժշկության ամենաթանկարժեք ուղղություններից մեկն է: Մեկ փոքրիկ հիվանդի խնամելու համար պետք են բարձր որոկավորում ունեցող մասնագետներ, թանկարժեք սարքավորումներ ու թանկարժեք դեղորայք: Եվրոպական երկրներում, օրինակ, թերհաս երեխային վերակենդանացման բաժանմունքում մեկ օր խնամելը մոտավորապես 1300-1500 եվրո արժե: Ավելին, նորածինների հետ արդյունավետ աշխատանքի համար ոչ միայն պրոֆեսիոնալ բժիշկներ են պետք, այլեւ լավ բուժքույրեր: Եվ բոլոր որակյալ մասնագետներին էլ բարձր աշխատավարձ է պետք:

Հիշեցնենք, որ Նեոնատալ բժշկության հայկական ասոցացիան USAID–ի ֆինանսավորմամբ անցկացրել է Հայաստանի նեոնատալ ծառայությունների վիճակի մոնիտորինգ, որպեսզի գտնի թույլ տեղերը ու օգնի շտկել դրանք: Մոնիտորինգի շրջանակում ուսումնասիրել են 32 ծննդատուն, որտեղ ծնվում են երկրի երեխաների մոտավորապես 80 տոկոսը:

Հայաստանում տարեկան մինչեւ 1 տարեկան մոտավորապես 350 երեխա է մահանում, ընդ որում նրանցից շատերը մահանում են կյանքի առաջին ամսում: Մասնագետները վստահ են, որ նեոնատալ ծառայության մակարդակի լավացումը ու մասնագետների որակավորման բարձրացումը կօգնի փրկել շատ երեխաների կյանքեր ու դրական կազդի երկրում ժողովրդագրական վիճակի վրա: