Հայաստանի շատ ծննդատներում պակասում են նորածիններին ըստ արժանվույն խնամքի ապահովման համար անհրաժեշտ սարքավորումները եւ դեղերը:  Դա ցույց է տվել Հայաստանի նեոնատալ ծառայությունների մոնիտորինգը, որն անցկացրել է Նեոնատալ բժշկության հայկական ասոցիացիան USAID-ի ֆինանսավորմամբ եւ որի արդյունքները ներկայացրել է նեոնատոլոգ Հովհաննես Ղազարյանը:  

Մոնիտորինգը ցույց է տվել, որ 1Բ եւ 2 կարգի ծննդատների ավելի քան 40 տոկոսը ծախսաչափեր չունեն, իսկ 22 տոկոսում չկա հատուկ սեղանիկ վերակենդանացման միջոցառումների համար,  13 տոկոսում չկան շնչառական սարքեր, 29 տոկոսում չկան լարինգոսկոպներ, 39-ում` ինտուբացիայի խողովակներ: Բացի այդ, ծննդատների 23 տոկոսի ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում չկա էլեկտրականության լրացուցիչ աղբյուր, 58 տոկոսում չկա թարմ օդի աղբյուր, 32 տոկոսում չկան խոնավեցուցիչներ, 62 տոկոսում չկան տոնոմետրեր, 52 տոկոսում` գլյուկոմետրեր, 81 տոկոսում` բիլիռուբինոմետրեր:

Ընդհանուր առմամբ Հայաստանի ծննդատների հագեցածությունը հետեւյալ կերպ են գնահատել.  անհրաժեշտ բոլոր սարքավորումներն ունի 3 կարգի ծննդատների 83 տոկոսը, 2 կարգի ծննդատների 63 տոկոսը եւ 1 կարգի ծննդատների 48 տոկոսը: Իմիջիայլոց, միանգամյա գործածության բոլոր անհրաժեշտ սարքեր եղել են ընդամենը 3 կարգի ծննդատների 100 տոկոսում:

Ինչ վերաբերում է ծննդատների դեղերով ապահովվածությանը, մասնագետները կազմել են 63 դեղի ցուցակ, որոնք օգտագործվում են նեոնատոլոգիայում եւ ստուգել են, թե կան արդյոք դրանք հայկական ծննդատներում: Պարզվել է, որ դրանք եղել են 3 կարգի ծննդատների ընդամենը 63 տոկոսում, 2 կարգի ծննդատների 38 տոկոսում եւ 1Բ կարգի ծննդատների ընդամենը 25 տոկոսում: Ավելին, մոնիտորինգի հեղինակները նաեւ պարզել են, որ որոշ կարեւոր դեղամիջոցներ, որոնք անհրաժեշտ են նեոնատոլոգների աշխատանքի համար, ընդհանրապես գրանցված չեն Հայաստանում (օրինակ` ֆենոբարբիտալը, կոֆեինի ցիտրատը եւ այլն):

Մոնիտորինգը նաեւ ցույց է տվել, որ նույնիսկ 3 կարգի կլինիկաները հաճախ հնարավորություն չունեն շուրջօրյա անցկացնել որոշ լաբորատոր հետազոտություններ, օրինակ, հետազոտել էլեկտրոլիտների մակարդակը, արյան գազային մակարդակը, հեմոմշակույթը, արյան մեջ բիլիռուբինի մակարդակը, Գրամի մեթոդով քսուքի գունավորում անցկացնել եւ այլն: 

Ինչ վերաբերում է մասնագետներին, 2 կարգի ծննդատների 38 տոկոսում եւ 1Բ  կարգի ծննդատների 75 տոկոսում ընամենը մեկ նեոնատոլոգ է աշխատում, որն իհարկե չի կարող շուրջօրյա հասանելի լինել: Ավելին, շատ  ծննդատներում չկան բուժքույրեր, որոնք զբաղվեն միայն  ինտենսիվ թերապիայի բաժանմունքում գտնվող հիվանդներով: