Բացառված է, որ հայկական ծննդատներում չլինեն սարքավորումներ, որոնք անհրաժեշտ են որակյալ ծննդօգնության եւ նորածիններին հոգ տանելու համար: ՆՄան կարծիք է հայտնել առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը` մեկնաբանելով մոնիտորինգի արդյունքները, որ Նեոնատալ բժշկության հայկական ասոցիացիան իրականացրել է USAID-ի ֆինանսավորմամբ:
Նրա խոսքով, արտոնագիր ստանալու համար ծննդատունը պիտի ունենա ցուցակի բոլոր սարքավորումները, որը հաստատվել է Հայաստանի կառավարության որոշմամբ: Այդ ցուցակում նշված է, թե ինչ հնարավորություններ եւ ինչ տեխնիկա պիտի ունենան 1, 2 եւ 3 կարգի ծննդատները, եւ բոլոր արտոնագրված ծննդատները պիտի համապատասխանեն դրան:
Սերգեյ Խաչատրյանի խոսքով, հնարավոր է, որ պակասող սարքավորումները, որոնց մասին խոսվում է մոնիտորինգի արդյունքներում, չեն մտնում անհրաժեշտ սարքավորումների ցուցակի մեջ, որը հաստատել է կառավարությունը եւ կլինիկաները դրանք տեղադրում կամ չեն տեղադրում իրենց հայեցողությամբ: Ամեն դեպքում անհրաժեշտ է ստուգել այդ տվյալները, ընդգծել է փոխնախարարը:
«Բացառված է, որ մեր ծննդատներում չլինեն սարքավորումներ որակյալ ծննդօգնության ապահովման համար: Ես կհրահանգեմ ստուգել, թե իրականում ինչպիսին է վիճակը: Եթե կան սարքավորումներ, որոնք կարելի է ավելցնել եւ բարելավել ծննդատների տրամադրած ծառայությունները, մենք դրանք կավելացնենք ցուցակին», - ասել է փոխնախարարը:
Նա նաեւ հավելել է, որ եթե Հայաստանի ծննդատներում չլինեին իրոք անհրաժեշտ սարքավորումներ, նորածինների շրջանում մահավությունը կաճեր, ոչ թե կնվազեր:
Հիշեցնենք, որ ինչպես ցույց է տվել մոնիտորինգը, որն անցկացրել է Նեոնատալ բժշկության հայկական ասոցիացիան, հայկական շատ ծննդատներում չկան բոլոր անհրաժեշտ սարքավորումները, օրինակ` էլեկտրական լրացուցիչ աղբյուր, ինվազիվ շնչառական սարքավորումներ, հատուկ սեղան վերակենդանացման միջոցառումների համար եւ այլն:






