ՀՀ առողջապահության նախարարությունը և «Արաբկիր» միացյալ մանկական բարեգործական հիմնադրամը պատրաստ են հոգալ 1988թ. ծնված Ռուսլան Սարգսյանի երիկամի փոխպատվաստման ծախսերը՝ դոնորի հարցը լուծվելու դեպքում։ Նրա մայրը՝ Լյուդմիլա Սարգսյանը չի կարող դոնոր հանդիսանալ առողջական վիճակից ելնելով։ Այսպես է արձագանքել ՀՀ առողջապահության նախարարությունը նախկինում հրապարակված այն տեղեկատվությանը, որ հեմոդիալիզով ապրող տղայի մայրը պատրաստ է երիկամի դոնոր դառնալ, սակայն ընտանիքը չունի համապատասխան միջոցներ։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Արմավիրի մարզի Հոկտեմբեր գյուղի բնակիչ, 1988թ. ծնված Ռուսլան Սարգսյանը տառապում է երիկամային անբավարարությամբ, այժմ ապրում է հեմոդիալիզի շնորհիվ և անհրաժեշտ է երիկամի փոխպատվաստում։ Տղայի մայրը՝ Լյուդմիլա Սարգսյանը, պատրաստ է որդուն տալ իր երիկամը, սակայն ընտանիքը գումար չունի 3 միլիոն դրամ արժողությամբ վիրահատության համար:

Մայրը պատրաստ է հիվանդ որդուն տալ իր երիկամը, սակայն վիրահատության համար գումար չկա

«Այս առթիվ ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ Ռուսլան Սարգսյանը ծրագրային հեմոդիալիզ է ստանում  «Արաբկիր» ԲՀ-երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտում։ Մասնագետների եզրակացությամբ հիվանդի ներկա վիճակում փոխպատվաստման համար չկա հակացուցում։ Երիկամի փոխպատվաստում մեր երկրում կատարվում է նույն ինստիտուտում։ «Մարդուն օրգաններ եւ/կամ հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» ՀՀ գործող օրենքի համաձայն` ազգակցական կապ ունեցող անձը կարող է երիկամային փոխպատվաստման դոնոր հանդիսանալ: Սակայն, ինչպես վկայում են մասնագետները, Ռուսլան Սարգսյանի մայրը` Լյուդմիլա Սարգսյանը, առողջական վիճակից ելնելով, դոնոր լինել չի կարող։

Դոնորի հարցը լուծվելու դեպքում ՀՀ առողջապահության նախարարությունը և «Արաբկիր» միացյալ մանկական բարեգործական հիմնադրամը մասնակցություն կապահովեն` յուրաքանչյուրը 2,5 մլն դրամի չափով», - հայտնեցին ԱՆ մամուլի ծառայությունից։